Գերմանիայի Լայպցիգ քաղաքում ծննդյան 150-ամյակին ընդառաջ՝ բացվել է հայ գրող Ավետիք Իսահակյանի հուշատախտակը, հայտնել է Հայաստանի ԿԳՄՍ նախարարությունը։
Հուշատախտակը բացվել է մարտի 25-ին՝ Ֆրիդրիխ Էբերթ Շտրասսե 27 հասցեում, որտեղ ապրել է Իսահակյանը՝ Լայպցիգի համալսարանում սովորելիս 1893-1895 թվականներին: «Ինքնություն» խորագրով հուշատախտակի ճարտարապետ-դիզայները Հակոբ Իսկուդարյանն է, քանդակագործը՝ Ռուբեն Նալբանդյանը։
Իսահակյանը Գերմանիայում ուսանելու տարիներին ուսումնասիրել է եվրոպական գրականություն ու փիլիսոփայություն, ակտիվորեն շփվել գրական ու քաղաքական առաջատար շրջանակների հետ։
Հուշատախտակին տեղեկություններ կան բանաստեղծի լայպցիգյան տարիների մասին, ինչը նաև կարևոր փաստագրական վկայություն է, որ Իսահակյանը Յոհաննես Լեփսիուսի և Ժոզեֆ Մարկվարտի հետ հիմնադրել է Հայ-գերմանական ընկերությունը։ Տախտակին կցված է Գյումրիի սև տուֆը, որն Իսահակյանը շատ էր սիրում և որից կառուցվել է նաև իր երևանյան տունը։
Իսահակյանը ծնվել է 1875 թվականի հոկտեմբերի 18-ին՝ Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)։ Նա ոչ միայն հայ մեծագույն գրողներից է, այլև ազդեցիկ հասարակական-քաղաքական գործիչ։ Իսահակյանը «Դաշնակցություն» կուսակցության անդամ էր և մասնակցել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին պատժելու «Նեմեսիս» գործողության նախապատրաստմանն ու կազմակերպմանը։