Ռուս պատգամավոր Դմիտրի Գուսևը մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովային առաջարկել է վերանայել հայազգի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի նախագծերի պետական ֆինանսավորումը Մոսկվայի № 40 կինոքոլեջում վերջինիս ելույթից հետո, հայտնում է RTVI-ն։
Պատգամավորը մտահոգություն է հայտնել, որ Անդրեասյանի հայտարարությունները կարող են բացասաբար անդրադառնալ երիտասարդների մասնագիտական զարգացման վրա և վնասել հայրենական կինոյի հեղինակությանը։
Գուսևի խոսքով՝ վերջին 10 տարիների ընթացքում ռեժիսորի ֆիլմերի համար բյուջեից հատկացվել է 590 միլիոն ռուբլի, որից 415 միլիոնը տրամադրվել է սուբսիդիաների տեսքով, իսկ 175 միլիոնը՝ որպես փոխհատուցման միջոցներ Կինոյի հիմնադրամին։ Սակայն այս ֆիլմերի տոմսարկղային մուտքերը վկայում են ցածր պահանջարկի մասին, ինչը կասկածի տակ է դնում նման ֆինանսավորման նպատակահարմարությունը։
Մարտի 5-ին Անդրեասյանը ելույթ էր ունեցել № 40 կինոքոլեջի ուսանողների հետ։ Հանդիպման ընթացքում ուսանողներից մեկը նրան հարցրել էր ոչ կոմերցիոն կինոյի մասին և նշել խորհրդային կինոյի դասական Անդրեյ Տարկովսկուն։ Ի պատասխան՝ ռեժիսորը հայտարարել էր. «Ես ատում եմ Տարկովսկուն։ Տարկովսկին սարսափելի է։ Ես ատում եմ արտ-հաուս կինոն, Տարկովսկին վատն է»։