Հայաստանի Տավուշի մարզում գտնվող Հաղարծին վանքի լուսանկարը լավագույններից է Wiki Loves Monuments 2023 ֆոտոմրցույթի եզրափակչում։ Մատուռի մոտ գտնվող դիտահարթակից վանքի լուսանկարը Վլադիմիր Պանկրատովն արել է 2022 թվականի օգոստոսին, այն 6-րդ տեղն է զբաղեցրել:
Մրցույթի հաղթող է ճանաչվել Գիզայի բուրգի լուսանկարը: Մրցույթի եզրափակիչ են դուրս եկել նաև Խոր Վիրապի, Ախթալայի, Այրավանքի, Որոտնավանքի, Սևանավանքի, Հովանավանքի, ինչպես նաև Մաշտոց Հայրապետ և Զվարթնոց եկեղեցիների լուսանկարները։
Օգոստոսին հայ լուսանկարիչ Հայկ Բարսեղյանը դարձել էր Planet Earth Life Framer միջազգային մրցույթի 15 հաղթողներից մեկը։ Time ամսագիրը Լեռնային Ղարաբաղից փախստականների լուսանկարն ընդգրկել էր 2023 թվականի 100 ամենահուզիչ լուսանկարների շարքում։ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո Լեռնային Ղարաբաղից Հայաստան հարկադիր տեղահանման ճանապարհին Արցախի քաղաքացու լուսանկարը ներառվել էր նաև Reuters-ի «2023 թվականի լուսանկարները և դրանց հետևում գտնվող պատմությունները» ժողովածուում։