Վահրամ Փափազյանը եղել է հայ նշանավոր դերասան, գրող, արձակագիր։ Արտիստը համարվում էր Սովետական Միության ամենալավ շեքսպիրյան դերասանը՝ Օթելլոյի դերակատարությամբ։
Վահրամ Փափազյանը ծնվել է Կ. Պոլսում 1888 թվականին, միջին խավին պատկանող ընտանիքում։ Սովորել է Սագըզաղաճի ու Մոտայի Մխիթարեան վարժարաններում, Վենետիկի Մուրադ-Ռափայելյան վարժարանում, ապա՝ Միլանի գեղարվեստի ակադեմիայում։
Փափազյանը կես տարի շրջագայում է իտալական մի թատերախմբի հետ։ Այդ ժամանակից սկսվում է նրա դերասանական կյանքը։ Երիտասարդ դերասանը հայտնվում է ծննդավայր Պոլսում այն ժամանակ, երբ երկրում սահմանադրություն էր հռչակվել։ Ուրիշ արգելքների հետ վերացել էր նաև ներկայացումներ տալու արգելքը։
Այդ շրջանում է, որ Փափազյանը հանդես է գալիս Օթելլոյի դերով։ Օթելլոյին հաջորդում են «Սանդուխտ կույսը» (Փափազյան-Սանատրուկ), ապա և հատվածներ «Սիդ», «Արծվիկ» պիեսներից։ Ելույթներ է ունենում հայրենի քաղաքում, հետո ներկայացումներ Ռոդոստոյում, այնուհետև ելույթներ Աթենքում՝ Օրեսթեսի և Օթելլոյի դերերով և մի շարք այլ երկրներում։
Փափազյանը խաղացել է Ռոմեոյի դերը։ Ինչպես հայկական խաղացանկի բուռն սիրահարի՝ Սեյրանի դերում, շեքսպիրյան սիրահարի դերում ևս Փափազյանը չի ապավինել իր շնորհներին, այլ արտահայտել է կերպարների դրամատիկական բովանդակությունը։
1920 թվականին Փափազյանը վերջին անգամ հայտնվում է իր ծննդավայրում և այնուհետև մեկնում է Խորհրդային Հայաստան։
Բազմաթիվ դերերով Փափազյանը ևս մի քանի տարի շրջագայում է Անդրկովկասում, ապա և Միության մեծաթիվ քաղաքներում՝ ամենուրեք գտնելով իր արվեստը գնահատող հանդիսատես։ Վերջապես, 1954 թվականին արվեստագետը գտնում է իր հանգրվանը Երևան քաղաքում, Սունդուկյանի անվան թատրոնում։ Նա փոքրացնում է շրջագայությունների տևողությունը և շառավիղը միայն՝ իր թատերաբեմը Անդրկովկասը դարձնելով։ Իբրև Սունդուկյանի անվան թատրոնի դերասան Փափազյանը մասնակցում է հայկական արվեստի 1956 թվականի մոսկովյան տասնօրյակին և արժանանում Սովետական Միության ժողովրդական արտիստի կոչման։ Հետագայում խաղում է նաև Ուրիել Ակոստա, Արբենին։
Փափազյանը զբաղվել է նաև թատերավերլուծությամբ և գրական գործունեությամբ։ Հայտնի է նրա «Հետադարձ հայացք» հուշագրությունը։
Արտիստը Մահացել է Լենինգրադում և թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում։ Ստեփանակերտի պետական թատրոնը կրում է Փափազյանի անունը։