Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառել է Ադրբեջանին ռազմավարական ենթակառուցվածքների փոխանցում երկու երկրների սահմանների դելիմիտացիայի գործընթացի արդյունքում։
«Մեր որևէ ռազմավարական ենթակառուցվածք դելիմիտացիայի արդյունքում չի կարող փոխանցվել»,- հայտարարել է նա՝ պատասխանելով Հանրային հեռուստաընկերության հարցերին:
Փաշինյանի խոսքով՝ եթե սահմանազատման հանձնաժողովները գան սահմանազատման ընթացքում տարածքների փոխանակման անհրաժեշտության մասին որոշման, ապա այդ հարցը կարող է լուծվել միայն հանրաքվեի արդյունքում։
Հանձնաժողովների կողմից նման առաջարկի հնարավորությունը համարելով «տեսական»՝ Փաշինյանն ընդգծել է, որ ներկայումս «նման թեմա չկա» և այն «երբեք չի քննարկվել»:
Հունվարի 22-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների՝ հունվարի 16-ի պայմանավորվածության մեջ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի որևէ հատված զիջելու մասին խոսք չկա։
Հունվարի 16-ին սահմանազատման հանձնաժողովները 11-րդ հանդիպումն էին անցկացրել, որի ընթացքում պայմանավորվել էին սահմանազատման աշխատանքները շարունակել հյուսիսային ուղղությամբ և հետո անցնել հարավային ուղղությանը։