«Գործադիր իշխանության ղեկավարը պաշտոնապես հայտարարում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի նկատմամբ ոտնձգության ցանկության մասին, նույնիսկ արդեն «պատրաստվելու» կոչ է անում»,- հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը։
Նա մեջբերել է Սահմանադրության կետը, որով երաշխավորում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ կարգավիճակը:
«Նշվածը երաշխավորում է նաև պետական մարմինների հստակ պարտականություն՝ չմիջամտելու մեր Մայր Աթոռին, այդ թվում՝ Վեհափառ Հայրապետի գործունեությանը», – գրել է Վարդևանյանը՝ հավելելով, որ իշխանությունների արած գործողությունները «ակնհայտ ապօրինի են, հակասահմանադրական և պարզապես ամոթալի»:
Այսօր ավելի վաղ Փաշինյանը Facebook-ում Ամենայն Հայոց կաթողիկոսից Վեհարանն ազատելու վերաբերյալ գրառում էր արել՝ կոչ անելով «պատրաստվել Մեծ հոգևոր հանդիպման՝ Էջմիածնի կենտրոնական հրապարակում»։
Մայիսի 29-ից սկսած՝ Փաշինյանը սոցիալական ցանցերում հայհոյանքներով լի մի շարք գրառումներ էր արել Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հասցեին, իսկ ավելի ուշ հանդես եկել նոր կաթողիկոս ընտրելու կոչով՝ կասկածի տակ դնելով նրա՝ կուսակրոնության ուխտի պահպանումը։ Փաշինյանը հուլիսի 8-ին հայտարարել էր, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը «զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական խմբակի կողմից»՝ հավելելով, որ պատրաստվում է Վեհարանի «ազատագրումն առաջնորդել անձամբ»։
Իրավապահ մարմինները հունիսի 25-ի և 27-ի խուզարկություններից հետո երկու ամսով կալանավորել էին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ինչպես նաև շարժման 14 աջակցի։ Գալստանյանը և «Սրբազան պայքարի» աջակիցները մեղադրվում են պետական հեղաշրջման և ահաբեկչության նախապատրաստության փորձ կազմակերպելու մեջ։ Նրանցից ոչ ոք չի ընդունում մեղադրանքը:
Կարդացեք նաև՝