Հունիսի 24-ին Հայաստան կայցելի եվրոպական փորձագիտական պատվիրակություն՝ քննարկելու ԵՄ-ՀՀ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի նախագծային տարբերակը, ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին Բրյուսելում կայացած հանդիպմանը հայտնել է Եվրամիության ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրյունները։
Եվրոպացի և հայաստանցի պաշտոնյաները կարևորել են ԵՄ-ՀՀ վիզաների ազատականացման երկխոսության գործընթացը՝ շեշտադրելով գործնական քայլերը:
Եվրոպական կողմը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ հնարավորինս սեղմ ժամկետներում վերջնականացնել և հայկական կողմին ներկայացնել գործողությունների ծրագիրը։
Ապրիլից մեկնարկել է Եվրամիության հետ վիզաների ազատականացման բանակցությունների երկրորդ փուլը: Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մայիսի 9-ին հայտնել էր, որ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացը շարունակվում է լայն թափով:
Վերջին 2 տարիներին Հայաստանի բնակիչները պարբերաբար դժգոհում են շենգենյան վիզաների տրամադրման խնդիրներից․ ԵՄ մեկնելու համար այն որոշ դեպքերում մերժվում է, մյուս դեպքերում՝ դեսպանատներում գրանցվելն է երկարատև ու նաև բարդ գործընթաց դարձել: