Նշանակալի հաղթանակներ կերտել ենք միայն միասնականությամբ, հայրենիքի հանդեպ սիրով ու նվիրվածությամբ, մայիսի 9-ի եռատոնի առթիվ իր ուղերձում նշել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը:
«Արդ, խոնարհում բերելով մեր հերոսների անմար հիշատակի առջև, ներշնչվենք նրանց պայծառ օրինակով և համատեղ ջանքերով ու միմյանց սատարումով շենացնենք մեր կյանքի անդաստանը նոր ձեռքբերումներով և ազգաշահ իրագործումներով»,- ասված է Գարեգին Բ-ի ուղերձում։
Ամենայն Հայոց կաթողիկոսը շեշտել է, որ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի հոբելյանական 80-ամյակը և Շուշիի ազատագրման ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձները «նշվում է հայ ժողովրդի համար թանկ ու կարևոր հիշատակներով»։ Ընդգծելով, որ յուրաքանչյուր հաղթանակ ձեռք է բերվում հավատքով և մաքառմամբ, նա նշել է, որ հայ ժողովուրդն անձնազոհաբար պայքարել է իր անկախ և արժանապատիվ կյանքի համար՝ մշտապես ձգտելով արդարության ու խաղաղության հաստատման։
«Այս գիտակցությամբ են հարյուր հազարավոր հայորդիներ Խորհրդային Միության այլ ժողովուրդների հետ մարտնչել ընդդեմ ֆաշիզմի, հանուն ապահով ու բարօր աշխարհի հաստատման։ Այս նույն գիտակցությամբ է ազգս նաև պաշտպանել արցախահայության հարազատ հողում անկախ ու անվտանգ ապրելու իրավունքը»,- ասված է կաթողիկոսի ուղերձում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ի տարբերություն կաթողիկոսի, իր ուղերձում Շուշիի ազատագրման օրվա մասին չէր հիշատակել, խոսել էր «Իրական Հայաստանի» գաղափարախոսության, ինչպես նաև խաղաղության մասին՝ հայտարարելով, որ Երևանի և Բաքվի միջև պատերազմ չի լինելու: