Իրանը գործնականում ներգրավված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կյանքի կոչմանը, մարտի 25-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ համատեղ ասուլիսին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա նշել է, որ Իրանն իր մասնակցությունն ունի Հայաստանի տնտեսական ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը, որոնք ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական նշանակություն ունեն։ Այս համատեքստում Միրզոյանը շեշտել է Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածի մասին, որի շինարարությունը ՀՀ-ն վստահել է իրանական կողմին։
Հայաստանի արտգործնախարարի խոսքով՝ այդ ճանապարհը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևոր բաղադրիչներից մեկն է։
Արաղչին, իր հերթին, վերահաստատել է Իրանի աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և այն խոստումնալից անվանել:
Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Հայաստանն ու Իրանն Արաքս գետի վրա նոր կամրջի կառուցման մասին զրույց են ունեցել, որը, նրա խոսքով, կհեշտացնի բեռների փոխադրումը։
«Իրանը և Հայաստանը պատրաստ են պայմաններ ստեղծել տրանզիտի ուղղությամբ, որպեսզի դյուրացնենք իրանական բեռափոխադրումները դեպի Սև ծով, Պարսից ծոց, Հնդկաստան և Օման»,- ասել է Արաղչին։
Միրզոյանը հավելել է, որ 2024 թվականին Հայաստանի և Իրանի երկկողմ առևտրաշրջանառությունը գերազանցել է նախորդ՝ առնվազն 5 տարիների ցուցանիշը։
«Այսօր մենք քննարկել ենք երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը 3 մլրդ դոլարի հասցնելու հնարավորությունը»,- հավելել է ՀՀ ԱԳ նախարարը։
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը 2023 թվականի հոկտեմբերին Հայաստանի կառավարության կողմից ներկայացրած նախաձեռնությունն է՝ ուղղված Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանն ու զարգացմանը։ Նախագծի նպատակը, ըստ կառավարության, վերականգնել և զարգացնել տրանսպորտային կապերը Հայաստանի և հարևան երկրների՝ Իրանի, Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջան միջև:
Միևնույն ժամանակ՝ Ադրբեջանը պնդում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու մասին, որը պետք է Ադրբեջանի հիմնական տարածքը կապի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ՝ Հայաստանի հարավային շրջանների միջոցով: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի և կբացվի։