Ֆրանսիացի սենատորներն աջակցել են Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու Հայաստանի ջանքերին։ Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դևինան և Լեռնային Ղարաբաղի հարցերով միջազգային խմբի ղեկավար Էթյեն Բլանը ողջունել են Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ Հայաստանի քայլերը:
Նրանք կոչ են արել արագացնել գործընթացը՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու համար։
«Համաձայնագրի ստորագրումը պետք է դառնա Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման առաջին քայլը՝ պահպանելով երկու երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Քանի դեռ համաձայնություն ձեռք չի բերվել, ԵՄ դիտորդական առաքելությունը, որը երկարաձգվել է մինչև 2027թ․, կշարունակի իր աշխատանքը՝ նվազեցնելով հակամարտության գոտում միջադեպերի ռիսկը»,- ասվում է հայտարարությունում:
Համաձայնագիրը նաև պետք է ապահովի Ադրբեջանի կողմից ապօրինի պահվող բոլոր բանտարկյալների ազատ արձակումը և Միջազգային դատարանի վճռի կատարումը Ղարաբաղի հայերի՝ նրանց իրավունքների պահպանմամբ անվտանգ և անարգել վերադարձի իրավունքի վերաբերյալ, նշում են նրանք։
«Հարավային Կովկասը կարող է դառնալ խաղաղության և բարգավաճման տարածաշրջան, որը հեռանկարներ կբացի բոլոր ժողովուրդների համար»,- հայտարարում են ֆրանսիացի սենատորները:
Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման մասին՝ Երևանի կողմից պայմանագրի երկու չհամաձայնեցված կետերի վերաբերյալ առաջարկի ընդունումից հետո՝ միջազգային դատարաններում կողմերի փոխադարձ հայցերից հրաժարվելու և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչների տեղակայումն արգելելու մասին: ՀՀ ԱԳՆ-ն նույն օրը հաստատել էր այդ տեղեկությունը և հայտարարել, որ պատրաստ է քննարկել փաստաթղթի ստորագրման ժամկետն ու վայրը: