Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով Բաքվից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին։ Այն ընդունվել է 523 կողմ, 3 դեմ, 84 ձեռնպահ ձայներով։
Եվրախորհրդարանը խոր մտահոգություն է հայտնել Ադրբեջանում պահվող հայ պատանդների, այդ թվում՝ ԼՂ ղեկավարների իրավիճակի վերաբերյալ։ Նրանց թվում է նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որին սպառնում է ցմահ ազատազրկում։
Պատգամավորներն Ադրբեջանին կոչ են արել բժշկական օգնություն և մարդասիրական վերաբերմունք ցուցաբերել գերիներին և ազատ արձակել նրանց մարդասիրական նկատառումներով՝ որպես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քայլ։
Փաստաթուղթը նաև մատնանշում է ադրբեջանական դատաիրավական համակարգում առկա թերությունները՝ չնայած բարեփոխումների համար ԵՄ ֆինանսավորմանը:
Բանաձևում ընդգծվում է, որ պատանդների ազատ արձակումը կարող է նպաստել երկու երկրների միջև խաղաղ բանակցություններում վստահության և առաջընթացի ձևավորմանը։
Խորհրդարանը Երևանին և Բաքվին կոչ է անում շարունակել խաղաղ բանակցությունները և խուսափել ագրեսիվ հռետորաբանությունից։
Նշվել է նաև Լեռնային Ղարաբաղ փախստականների անվտանգ վերադարձի և տարածաշրջանի մշակութային և քրիստոնեական ժառանգության պաշտպանության կարևորությունը։
Փաստաթուղթն ուղարկվել է ԵՄ-ի, Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարությանը և միջազգային կազմակերպություններին` հակամարտության կարգավորմանը նպաստելու համար, ասվում է բանաձևում։
Մարտի 5-ին կայացած ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի ուղղությամբ գործադրվող ջանքերը մեկն են այն գործողություններից, որը նպաստ կբերի գերիների և մյուս հարցերի լուծմանը։ Մարտի 7-ին Վարդանյանն իր ընտանիքի միջոցով փոխանցել էր ձայնային հաղորդագրություն, որում կոչ էր անում խաղաղություն՝ հիմնված մարդկային հիմնարար արժեքների և արժանապատվության վրա։