Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանն արձագանքել է մարտի 9-ին Գյումրիում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Գյումրու քաղաքապետի արտահերթ ընտրությունների «Քաղաքացիական պայմանագրի» համար դրամահավաքի ժամանակ։
«Առողջությանս հետ կապված և իմ ընտանիքին բաժին հասած փորձությունների բերումով՝ երկար ժամանակ չեմ անդրադարձել տվյալ անձի հայտարարություններին, սակայն համբերությանս բաժակը լցվել է», – ասել է Բալասանյանը։
Փաշինյանը հայտարարել, որ Գյումրու ավագանիում ճգնաժամ է առաջացել այն բանից հետո, երբ օրենսդրական փոփոխությունների և նոր ինստիտուտների ներդրման արդյունքում թալանված գույքը պետք է վերադարձվի Գյումրիին և մյուս համայնքներին։ Փաշինյանը օրինակ է բերել Գյումրու խորհրդանիշը՝ Սև բերդը, որը, ըստ վարչապետի, ապօրինի սեփականաշնորհվել է և պետք է վերադարձվի համայնքին։
«Հայաստանի գլխավոր դատախազությունն օրենքով սահմանված կարգով դիմել է Գյումրու ավագանի, որպեսզի ավագանին դիմի դատարան՝ համայնքին գույքը վերադարձնելու համար»,- պարզաբանել է Փաշինյանը։
Գյումրու նախկին քաղաքապետ Բալասանյանը ԶԼՄ-ում հրապարակած իր հայտարարության մեջ ասել է, որ վարչապետը «տեղյակ էլ չէ, որ շինծու քրեական գործը վերաբերում է ոչ թե Սև Բերդ ամրոցին, այլ հարակից տարածքներին»։
«Բոլոր գյումրեցիները գիտեն, թե ինչ վիճակում է գտնվել «Սև Բերդ» ամրոցը մասնավոր անձից իմ գնելուց առաջ, նորից եմ կրկնում՝ մասնավոր անձից, և ինչ է դարձել հիմա: Մշակութային, մարզական, պետական (որոնց մասնակցել ես ինքդ) մակարդակի ինչ միջոցառումներ են տեղի ունեցել «Սև բերդ»-ում՝ բացարձակապես անվճար, մինչ օրս քաղաքի տուրիստական զարդն է՝ նորից անվճար»,- ընդգծել է Բալասանյանը։
Նախկին պաշտոնյայի խոսքով՝ վարչապետի քաղաքական թիմը 10 տոկոս էլ չի արել Գյումրիում զբոսաշրջությունը զարգացնելու համար՝ համեմատած հարյուր հազարավոր այցելուների հետ, որոնք քաղաք են գրավել Սև Բերդի օգնությամբ։
«Ինչ վերաբերում է «Սև Բերդ»-ի ապօրինի լինելուն, խորհուրդ եմ տալիս նախքան մեղադրելը, անմեղության կանխավարկած խախտելը, քո ելույթով պետական ողջ գործիքակազմը իմ ընտանիքի դեմ տրամադրելը՝ ստանալ ճիշտ տեղեկություններ։
«Սև Բերդ» ամրոցը մեր ընտանիքը ձեռք է բերել նախկին սեփականատիրոջից այլ ոչ թե համայնքից: Այնպես որ, «Սև Բերդ» ամրոցը չի կարող դառնալ քո սիրելի հատիկառհատիկի կոնտենտ և հայտնվել ռենջ ռովերի կողքին: Մարդկային, բարոյական բոլոր սահմանները անցած անձին խորհուրդ եմ տալիս հեռու մնալ ինձանից և իմ ընտանիքից»,- ընդգծել է Բալասանյանը։
Նա խոստացել է իր առողջական խնդիրները լուծելուց հետո «իրեն առաջադրված բոլոր մեղադրանքներին իրավական և քաղաքական պատասխան տալ» և ասել, որ շուտով ակնհայտ կդառնա, որ որդու՝ Խաչատուր Բալասանյանի գործով դատավարությունն իրավական ֆարս է։
«Այս մարդը խոսել է «վերջին ճակատամարտի» մասին, ես կասեմ, որ «վերջին ճակատամարտը» պետք է տրվեր մեկ այլ տեղ, այլ ոչ թե Գյումրիում՝ Սև Բերդի մոտ»,- ասվում է Բալասանյանի հայտարարության մեջ։
Նա գյումրեցիներին կոչ է արեց ակտիվորեն մասնակցել Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին` մերժելով ազգը սևերի ու սպիտակների բաժանած խմբին (Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն- խմբ․)։