«Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանին (հայտնի է «Դոգ» մականունով-խմբ․) Հայաստան բերելու անհրաժեշտությունը վերացել է, հայտարարել է նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը։
«Այդ անհրաժեշտությունը վերացել է, քանի որ Ղուկասյանի նկատմամբ իրականացվում է տոտալ քաղաքական հետապնդում, նրա նկատմամբ 2025 թվականի փետրվարից արդեն իսկ իրականացվում է քրեական հեռակա վարույթ»,- նշել է նա։
Փետրվարի 27-ին ԴՕԿ կուսակցությունը հայտնել էր, որ 6 օր է, ինչ Ղուկասյանի գտնվելու վայրը մնում է անհայտ։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ լրատվամիջոցները տեղեկացրել էին Ղուկասյանի հոսպիտալացման մասին։
Փետրվարի 28-ին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ ներգաղթի և մաքսային մարմինները բերման են ենթարկել Ղուկասյանին։
Մարտի 3-ին Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության նախկին անդամ Նանա Սարգսյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Ղուկասյանի աջակիցները բողոքի ակցիա են անցկացրել Երևանում ԱՄՆ դեսպանատան մոտ՝ պահանջելով թույլ չտալ նրան արտահանձնել Հայաստան։ Նա չէր մանրամասնել գործի բովանդակությունը՝ նշելով, որ «գուցե էմիգրացիոն խնդիր է, ինչը կլուծվի»։
2023-ին ՀՀ քննչական կոմիտեն Ղուկասյանի և իր կուսակից Արտակ Գալստյանի նկատմամբ հանցավոր կազմակերպություն ստեղծելու, ղեկավարելու և մասնակցության հոդվածներով քրեական վարույթ էր նախաձեռնել։ 2023-ի մայիսին Ղուկասյանի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել։ Ապրիլին նա դարձել էր մեղադրյալ առանձնապես խոշոր չափերով շորթման քրեական գործով։