«Փյունիկ» – «Արարատ – Արմենիա» հանդիպման ժամանակ 9 անձ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է, Armenia Today-ին հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ նշված անձինք տեղափոխվել են համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։
Լրատվամիջոցներում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, որ խաղի ընթացքում ՖԱՖ անդամները ակցիա են իրականացրել՝ պահանջելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը, խաղն ընդհատվել է։
Երկրպագուների մի մասը խաղադաշտ է մտել, որոշ ժամանակ անց կարմիրբերետավորները գետնին են պառկեցրել նրանց։
Այսօր ավելի վաղ «Վան»-«Ալաշկերտ» հանդիպումն ընդհատվել էր ակցիայի պատճառով։ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը Armenia Today-ին հայտնել էր, որ միջադեպից հետո 5 անձ հրավիրվել է համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին։ ՀՖՖ-ն երկրպագուներին կոչ էր արել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ակցիաներ չիրականացնել՝ որակազրկման վտանգի պատճառով։
Փետրվարի 28-ին First Armenian Front ֆան շարժումը (FAF) հայտարարել էր, որ վերսկսում են ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով ակցիաները ՀՊԼ-ի, Հայաստանի գավաթի և այլ խաղերին, ընդհուպ մինչև խաղերի չեղարկում։
2024 թվականի հոկտեմբերին, UEFA-ի Ազգերի լիգայի Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղում Հայաստանի հավաքականի պարտությունից հետո, որին հաջորդել էր հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի պաշտոնանկությունը, ֆան-շարժումների ներկայացուցիչները պահանջել էին Մելիքբեկյանի հրաժարականը: ՀՖՖ-ն հոկտեմբերի 14-ին հայտարարել էր, որ ՀՖՖ նախագահի հրաժարականի հարց չի քննարկվում: Ինքը՝ Մելիքբեկյանը, հոկտեմբերի 21-ին հայտարարել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ։
Հունվարի 30-ին երկրպագուները ՀՖՖ-ին մեղադրել էին ազգային հավաքականի խաղերին իրենց ներկայությունը կանխելու մեջ։ Փետրվարի 17-ին հայտնի էր դարձել, որ «Այաքսի» և Հունաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը։