Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանի կենտրոնում Իրանի քաղաքացիների կողմից ադրբեջաներեն երգ երգողների հետ կապված միջադեպը նպատակ ունի վատթարացնել Երևանի և Թեհրանի հարաբերությունները։ Փաշինյանը միջադեպն անվանել է «բեմադրված» և վստահություն հայտնել, որ այն կապ չունի Ադրբեջանի հետ։
«Չեմ զարմանա, եթե ձեր հայտնի շրջանակներից այդ մարդկանց վճարել են, տարել են-կանգնեցրել են, երգել են տվել, նկարել են տվել, համացանց են գցել, որ Հայաստանի և Իրանի հարաբերություններում պրոբլեմ առաջացնեն»,- ասել է նա՝ պատասխանելով ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին։
Նա ընդգծել է, որ հայ հասարակությունը «պետք է դիմակայուն լինի» և չպետք է ցնցվի «ամեն տենց տափակ տեսարանից»։ «Ընդդիմությունը ցնցվում է, թող ցնցվի, իրա բեմադրած տեսարանն է, թող ցնցվի, ինքը դա արել է հենց ցնցվելու համար»,- հավելել է Փաշինյանը։
Հունվարի 30-ին ֆեյսբուքում տարածվել է Հանրապետության հրապարակում օտարերկրյա քաղաքացիների մասնակցությամբ երգելու տեսանյութ։ Հունվարի 31-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ Հանրապետության հրապարակում «Ղարաբաղ» երգողներն Իրանի քաղաքացիներ են։ Փետրվարի 1-ին ԱԱԾ-ն Իրանի քաղաքացիների՝ տեսանյութը հրապարակած ՀԿ ղեկավարի նկատմամբ գործ հարուցելու մասին հաղորդում էր ներկայացրել ՔԿ։ Ավելի ուշ ՔԿ-ն հայտնել էր, որ ձերբակալվել է հրապարակում մի խումբ օտարերկրացիների մասնակցությամբ տեսանյութ տարածող արցախցի Ղարիբ Բաբայանը։
Ըստ ՔԿ-ի՝ Բաբայանին ձերբակալել էին «Ղարաբաղ, ջան Ղարաբաղ» երգն ադրբեջաներենով երգելու տեսանյութը հրապարակելու և այդ միջոցով «ՀՀ իշխանությունների ու ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն ու քարոզելուն ուղղված հրապարակային խոսք» տարածելու մեղադրանքով։ Փետրվարի 2-ին Բաբայանին դատարանի դահլիճից ազատ էին արձակել՝ կիրառելով վարչական հսկողություն խափանման միջոցը, արգելելով հանդես գալ հրապարակային խոսքով։
Մանրամասները՝ տեսանյութում։