Հունվարի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման խմբի անդամներին՝ Մարչին Վիդռայի գլխավորությամբ: Խումբը Հայաստան է գործուղվել ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայման հնարավորությունը դիտարկելու համար: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Գերատեսչությունից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը: Կողմերն անդրադարձ են կատարել դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին:
Այս համատեքստում նախարար Միրզոյանը բարձր է գնահատել դիտորդական առաքելության դերը տարածաշրջանում կայունության ամրապնդման ու Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիաների կանխարգելման գործում և պատրաստակամություն հայտնել շարունակելու համագործակցությունը։ Քննարկվել են նաև համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Եվրոպական դիտորդների նոր տեխնիկական առաքելությունը Հայաստանում է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵՄ խորհուրդը Հայաստանի կառավարության հետ պայմանավորվել է, որ Վրաստանում ԵՄ մոնիթորինգային առաքելությունից Հայաստան կուղարկվի աջակցության խումբ: Մինչ այդ Հայաստանում հոկտեմբերից աշխատել է մինչև 40 փորձագետներից բաղկացած ԵՄ դիտորդական առաքելությունը։ Առաքելության մանդատն ավարտվել է դեկտեմբերի 19-ին։