Ադրբեջանում մեկնարկել են ուղղաթիռների օգտագործման վերաբերյալ ՆԱՏՕ-ի դասընթացներ: Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնում են այդ երկրի Պաշտպանության նախարարությունից։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ – ի միջև անհատական գործընկերության համագործակցության ծրագրի շրջանակներում 2022 թվականին անցկացվում է «Ուղղաթիռների օգտագործումը գործողություններում» դասընթացը՝ ՌՕՈՒ զինծառայողների և Ռամշտայնում ՆԱՏՕ-ի ՌՕՈՒ հրամանատարության շարժական ուսումնական խմբի ներկայացուցիչների մասնակցությամբ», – ասված է հաղորդագրության մեջ:
Պաշտպանական գերատեսչության տվյալներով՝ Օպերատիվ կարողությունների հայեցակարգի շրջանակներում անցկացվող դասընթացի ընթացքում կներկայացվեն բրիֆինգներ ռազմաօդային ուժերի համապատասխան ստորաբաժանումներում ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան գործունեության կազմակերպման, պաշտպանության և անվտանգության միջոցների ապահովման, ինչպես նաև այլ թեմաներով: Կիրականացվեն նաև ավիացիոն ապահովման գործողություններ։
Դասընթացը կտևի մինչև հոկտեմբերի 13-ը, նշել են Ադրբեջանի ՊՆ-ում: