ՀՀ կառավարության այսօրվա նիստին ընդունած որոշմամբ Հայաստանում ամառային զորակոչը երկարաձգվել է մինչև օգոստոսի 15-ը։ Այն նախատեսված էր մինչև հուլիսի 31-ը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը նշել է, որ ամառային զորակոչի աշխատանքների ընթացիկ վերլուծությունը ցույց է տալիս, որ զորակոչի ենթակա քաղաքացիների բժշկական հետազոտման հավելյալ ծավալները հաշվի առնելով` հուլիսի 31-ի դրությամբ հնարավոր չի լինելու ավարտել քաղաքացիների պատշաճ փորձաքննությունը և դրանց արդյունքներով զորակոչի ենթակա կամ ոչ ենթակա լինելու հանգամանքի որոշման գործընթացը:
«Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2025 թվականի ամառային զորակոչի շրջանակներում զորակոչի ենթակա քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման գործընթացն ավարտին հասցնելու և դրանց արդյունքներով քաղաքացիների զորակոչի կարգավիճակը հստակեցնելու նպատակով զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգելու անհրաժեշտությամբ»,- ասված է որոշման հիմնավորման մեջ:
Մայիսին Հայաստանի խորհրդարանն ընդունել էր պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար պատիժը խստացնելու կառավարության առաջարկը։ Նախագծով զինվորական ծառայությունից խուսափելու համար գործող 2-5 տարի ազատազրկման ժամկետն ավելանում է՝ դառնալով 3-6 տարի։ Վարժական հավաքներից խուսափելու դեպքում աշխատավարձի առավելագույնը քսանապատիկի չափով գործող տուգանքը կդառնա մինչև երեսունապատիկի չափով, իսկ ազատազրկումը գործող 2 տարվա փոխարեն՝ 1-3 տարի։