Քննչական կոմիտեն բժիշկ-ռադիոլոգին մեղադրել է զորակոչիկին զինծառայությունից ազատելու համար բժշկական փաստաթուղթ կեղծելու մեջ:
Ըստ ՔԿ-ի՝ զորակոչիկը 2023 թվականի նոյեմբերի 10-ին հետազոտվել է բժշկական կենտրոնում, որի ժամանակ վերջինիս մոտ իբր ախտորոշվել է այնպիսի հիվանդություն, ինչը հիմք է տվել զինկոմիսարիատի զորակոչային բժշկական հանձնաժողովին արձանագրելու, որ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ցանկի համաձայն՝ Լ.Մ.-ն պիտանի չէ զինվորական ծառայության համար։
Նշվում է, որ ախտորոշման իսկությունը պարզելու նպատակով նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն: Ստացած եզրակացության համաձայն՝ զորակոչիկի մոտ նման հիվանդություն չի հայտնաբերվել, որով էլ հիմնավորվել է բժիշկ-ռադիոլոգի կողմից կեղծ բժշկական փաստաթղթի պատրաստման փաստը։
Բժիշկ-ռադիոլոգի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը, առավելագույն պատիժը՝ 2 տարվա ազատազրկում):
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և, ըստ էության, քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ: