Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ, Armenia Today-ին հայտնել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանն՝ անդրադառնալով Տավուշի մարզի Բերդ համայնքի Մովսես գյուղի և Բերդ քաղաքի բնակիչների կողմից լսած սահմանային կրակոցներին, ինչի մասին մայիսի 13-ին գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը։
Լրագրողը տեղեկացրել է, որ ադրբեջանական զինուժը ոչ միայն մայիսի 13-ի գիշերը, այլև առավոտյան է կրակել, և Մովսես գյուղի բնակիչներն ընդհատումներով կրակահերթեր են լսել: Սարգսյանը, միևնույն ժամանակ, նշել է, որ կրակահերթերը Մովսեսի ուղղությամբ չէին։
«Մայիսի 13-ի առավոտյան ժամը 7։20-7։40 նույն հատվածում կրակոցներ են հնչել, որոնց ձայնը լսվել է նաև Մովսեսից 16 կմ հեռավորությամբ գտնվող Բերդ քաղաքում»,- հավելել է լրագրողը։
ՊՆ-ից Armenia Today-ին այլ մանրամասներ չեն հայտնել՝ հորդորելով հետևել նախարարության պաշտոնական հաղորդագրություններին։
«Հրադադարի ինտենսիվ, էական կամ, այլ կերպ ասած, նպատակային կամ թիրախային խախտումների պարագայում հանդես ենք գալիս պաշտոնական հաղորդագրություններով»,- հավելել է ՊՆ խոսնակը։
Մարտի 31-ին Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ էր բացել Սյունիքի մարզի Խնածախի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել էր բնակելի տուն: Ապրիլի 20-ին էլ վնասվել էր Խնածախի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը։ ՔԿ-ն քրվարույթ էր հարուցել ադրբեջանական զինուժի կրակոցներից հետո։ Մայիսի 7-ին Ադրբեջանի կրակոցից կրկին Խնածախում բնակելի տան տանիք էր վնասվել։