Զինված ուժերում տեղի ունեցող փոփոխությունները հիմնականում շրջանցում են ժամանակակից պատերազմների առանձնահատկությունները` անընդհատ խորացնելով առկա խնդիրները, Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա՝ տեխնոլոգիական հեղափոխություններն ու դրանց կայծակնային զարգացումը հսկայական ազդեցություն են ունենում ժամանակակից պատերազմական գործողությունների վրա, և շատ արագ դասական համարվող մոտեցումներն ու տակտիկական, ինժեներական լուծումները դառնում են ոչ արդյունավետ:
«Այս իշխանությունների սիրողական, իրավիճակային լուծումներն ու գաղափարական խեղաթյուրումները բերեցին 2020-ի 44-օրյա պատերազմի ծանր պարտությանը և դրանից հետո մեր կրած ծանր կորուստներին»,- շեշտել է նա:
Աբրահամյանը հիշեցրել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 4-ին խոսել էր այն մասին, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո վերլուծվել են պատերազմի վարման, սպառազինության և նոր իրավիճակի բերած իրողությունները, կազմվել զինված ուժերի զարգացման և արդիականացման 7-ամյա պլան, որի առանցքում մի քանի հազար ԱԹՍ-ների գնումն էր:
«Խոսքը վերաբերում է 2017 թվականին ընդունված փաստաթղթին, որի առանցքում բանակի տեխնոլոգիական վերափոխումներն էին: Ավելի ուշ, ՀՀ-ում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո, նոր իշխանությունը փոխեց այդ ծրագիրը` շեշտը դնելով այնպիսի փոփոխությունների վրա, որոնք արագ PR խնդիրներ էին լուծում․ ՍՈւ-30` հայտնի սելֆիներով, «ելակային հեղափոխություն» և այլն»,- նշել է պատգամավորը:
Սարգսյանը մայիսի 4-ին հանդիպել էր Հայկական համալսարանի ունկնդիրների և դասախոսների հետ ու ծավալուն հարցուպատասխան ունեցել։