ՀՀ կառավարությունը հունվարի 30-ի նիստում 2 ամսով երկարաձգել է 44-օրյա պատերազմում անհետ կորածների ընտանիքներին ուղղվող ֆինանսական աջակցության ժամկետը։
Կառավարության որոշմամբ՝ 11 անհայտ կորածի ընտանիք 2025 թվականի հունվար և փետրվար ամիսներին կշարունակի ամսական 300 000 դրամ աջակցություն ստանալ։
Նախագծում նշվում է, որ ՀՀ պետական բյուջեից 6,6 մլն դրամ կհատկացվի 11 անհայտ կորածի ընտանիքներին աջակցելու համար։
ՀՀ կառավարությունն անհետ կորած և գերեվարված զինծառայողների ընտանիքների ֆինանսական աջակցություն տրամադրելու որոշում էր ընդունել 2020 թվականի դեկտեմբերի 10-ին։ 2020-ից սկսած կառավարությունը երկարաձգում է աջակցության ծրագրի ժամկետները։
Armenia Today-ի հարցմանն ի պատասխան՝ 2024-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ 1992-2023 թվականներին Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած է համարվում 1016 մարդ։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով, ՔԿ տվյալներով, անհայտ է 195 անձի գտնվելու վայրը, որոնց թվում 20 քաղաքացիական անձ և 175 զինծառայող կա։