ՀՀ կառավարությունն ու հասարակությունը պետք է խնդիր դնեն, որ Զինված ուժերը պաշտպանեն և ապահովեն երկրի միայն միջազգայնորեն ճանաչված տարածքների անվտանգությունը, ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձի առիթով ՊՆ-ում կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի առաջ կառավարությունը, հանրությունը, պետությունը պետք է դնեն միայն ու միայն միջազգայնորեն ճանաչված տարածքների պաշտպանության և անվտանգության խնդիր»,- ասել է վարչապետը։
Նրա խոսքով՝ այս հենքի վրա իշխանությունն իրականացնում է բանակի խորքային բարեփոխումներ և այս հենքի վրա կունենա ուժեղ, պաշտպանունակ բանակ:
«Այս պարագայում որևէ մեկը չի կարողանա կասկածի տակ դնել պաշտպանունակ բանակ ունենալու մեր իրավունքը, որևէ մեկը կասկածի տակ չի կարող դնել բարեկեցիկ զինվորական ունենալու մեր իրավունքը, որևէ մեկը կասկածի տակ չի կարող դնել ուժեղ պետություն, բարեկեցիկ և զարգացած պետություն ունենալու մեր իրավունքը»,- նշել է նա։
Նա նաև հայտարարել է, որ առաջիկայում կփոխվի և կվերափոխվի բանակի նկատմամբ Ազգային անվտանգության ռազմավարությունը։ Փաշինյանը նաև համոզմունք է հայտնել, որ «միասին Հայաստանի Հանրապետությունն իր 29 743 քառակուսի կիլոմետր տարածքով կդարձնենք անվտանգ, զարգացած, երջանիկ, պաշտպանված պետություն»:
2024 թվականի փետրվարի 1-ին Փաշինյանը հայտարարել էր ՀՀ զինված ուժերի բարեփոխումների և երկրի ազգային անվտանգության հայեցակարգի փոփոխության անհրաժեշտության մասին։