ՀՀ երկրորդ և երրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը շնորհավորել են ՀՀ զինված ուժերին Բանակի ձևավորման 33-ամյակի առթիվ և հույս հայտնել, որ ՀՀ ԶՈւ-ն կվերականգնի երբեմնի փառքը, մարտունակությունն և կկարողանա ապահովել հայ ժողովրդի խաղաղությունը։
Սարգսյանն իր հայտարարության մեջ ընդգծել է, որ հայկական բանակի փառապանծ ուղին անջնջելի պատմություն և օբյեկտիվ իրողություն է, որ գոյություն ունի՝ անկախ տարատեսակ ընկալումներից: Նա կոչ է արել երիտասարդ սերնդին հայկական բանակի ուղին ուղենիշ և հիմք դարձնել՝ վերականգնելու հայկական բանակի երբեմնի փառքը, մարտունակությունն ու ոգին, ինչը միանգամայն հնարավոր է:
Սարգսյանը զգուշացրել է, որ Հայաստանի հակառակորդները ներքին ուժերի միջոցով փորձում են թույլ չտալ բանակի զարգացումը` «սկզբում վարկաբեկելով, այնուհետև կազմաքանդելով ու թուլացնելով, իսկ վերջնարդյունքում՝ պատերազմում պարտության մատնելով»:
Սարգսյանը տարակուսելի է անվանել բանակի բարեփոխմանն ուղղված Հայաստանի իշխանությունների գործողությունները։
«Բնականաբար, ցանկացած բանակ տարիների ընթացքում պետք է բարեփոխվի և արդիականացվի, ինչը կազմավորումից հետո, որպես առաջնահերթություն, մշտապես հայկական բանակի գործունեության հիմքում էր: Սակայն բարեփոխման անվան տակ Հայաստանի կառավարիչներն այժմ էլ բանակի «կերպափոխում» կոչվող տարակուսելի գործընթաց են սկսել, ինչն, իրականում, բանակը սեփական կերպին նմանեցնելու փորձ է՝ որպես վերջնական ջախջախման արար: Դա ամեն գնով պետք է կասեցնել»,- ասված է նախկին նախագահի ուղերձում:
Իր հայտարարության մեջ Քոչարյանն ընդգծել է, որ լիահույս է՝ Հայկական բանակն իր մեջ վերականգնվելու կամք և ուժ կգտնի և որ կգա այն օրը, երբ Հայաստանի քաղաքացիները կտեսնեն այն բանակը, որն ապահովում է իրական և արժանապատիվ խաղաղություն։
Հունվարի 28-ը Հայոց բանակի կազմավորման օրն է: 1991 թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով՝ Պաշտպանության նախարար էր նշանակվել Վազգեն Սարգսյանը: 1992-ի հունվարի 28-ին կառավարությունն ընդունել էր «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշում` իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: