Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է օտարերկրյա և հայկական մի շարք լրատվամիջոցներում տարածված լուրը, թե Հայաստանը ռուսական հրթիռներ կմատակարարի Ուկրաինային,«Արմենպրեսի» հարցին ի պատասխան ասել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Մասնավորապես, ռուսական «Рыбарь» հեռագրային ալիքը և ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են Երևանի կողմից ռուսական արտադրության «Точка У» հրթիռների հնարավոր տեղափոխման մասին։
«Տվյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և հայաստանյան ԶԼՄ գործընկերներին կոչ ենք անում օտարերկրյա քարոզչական աղբյուրների՝ լրատվադաշտ նետած կեղծ թեզերը չշրջանառել»,- ասել է Թորոսյանը։
ՊՆ մամուլի քարտուղարը հավելել է, որ համապատասխան ստորաբաժանումը մշտադիտարկում է ոլորտին առնչվող մամուլի հրապարակումները և մեկնաբանում կամ դրանց արձագանքում է ըստ անհրաժեշտության ու նպատակահարմարության:
Նոյեմբերի 20-ին ռուսական հեռագրային ալիքները և ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել Ուկրաինա ռուսական արտադրության զենքեր փոխանցելու հայկական կողմի մտադրության և Երևանի կողմից ՀԱՊԿ-ից դուրս գալու փաստաթղթերի նախապատրաստման մասին։
«Рыбарь» հեռագրային ալիքը եզրակացրել էր, որ զենքի տեղափոխման շուրջ հնարավոր պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հանդիպման ժամանակ։
Հիշեցնենք, որ Գրիգորյանն ու Երմակը հանդիպել էին հոկտեմբերի 28-ին՝ Մալթայում։ Երմակը հաստատել էր ուկրաինական կողմի հանձնառությունը Հայաստանի հետ համագործակցության ամրապնդման հարցում, մասնավորապես՝ եվրաինտեգրման հարցերում։
Հրաժարվել են, որ իրենք են արել․ Պապիկյանը՝ Խոզնավարի ուղղությամբ Ադրբեջանի կրակոցների մասին
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողներին հայտնել է, որ ադրբեջանական կողմը չի ընդունել, որ մայիսի 29-ին իրենք են կրակել Սյունիքի մարզի...