Ադրբեջանում հայտնված հայ սպայի` Գուրգեն Ալավերդյանի հարցով Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակը Պաշտպանության նախարարության հետ ուղիղ կապի մեջ է։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց ԿԽ հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին։
«Ընթացքի հետ կապված բոլոր հարցեր մեր նախարարության հետ անմիջապես քննարկվում են»,- հավելեց նա։
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տարակուսանք էր հայտնել, որ Բաքվի Կարմիր Խաչի գրասենյակի կողմից դեռ չեն այցելել հայ սպային, ինչը մեծ կասկածներ է առաջացնում։
Զառա Ամատունու փոխանցմամբ՝ այս հարցով երկու երկրների իշխանությունների հետ կապի մեջ են։
«Այդ առումով հանրային իշխանության ներկայացուցչի ասածը հանրային կերպով չեմ կարող մեկնաբանել։ Բայց կարող եմ շեշտել, որ մենք երկխոսության մեջ ենք երկու կողմի իշխանությունների հետ։ Դեպքի հետ կապված բոլոր հարցերն իրենց հետ քննարկվում են, բայց դա չի արվում հանրային կերպով։ Իրավասու չենք պաշտոնյայի հայտարարությունը մեկնաբանել»,- նշեց մամուլի պատասխանատուն։
Հարցին՝ առաջիկայում Կարմիր Խաչի ներկայացուցիչները կայցելե՞ն հայ սպային, պատասխանեց, որ միջազգային իրավունքով այցելություն կազմակերպելու հստակ ժամկետ նշված չէ։ Բայց պետք է այցը կազմակերպվի հնարավորինս անհապաղ և արագ։
Նշենք, որ Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ դեռ պարզ չէ, թե ինչպես է հայ զինծառայողը հայտնվել ադրբեջանական կողմում։
«Արդյոք մեր զինծառայողը մոլորվել է, գերեվարվել է, արդյոք մոլորվել է, առևանգվել է, հետո ներկայացվել է որպես գերի, արդյոք կա որեւիցե մի հանգամանք, որը որ թույլ է տալիս մեր հակառակորդին պնդելու, որ եղել է դիվերսիա: Ես կարծում եմ, որ հիմա ամենակարևորը, որ մեր զինծառայողը լինի առողջ և անվտանգ և շուտափույթ կազմակերպվի այցելություն Բաքվի Կարմիր Խաչի գրասենյակի կողմից, որը որ մինչև այժմ չի կատարվել, արդեն 72 ժամից ավել է և այդ այցելությունը չի թույլատրվել, որը մեծ կասկածներ է առաջացնում: Փորձ է կատարվում շահարկումներ կատարել նրա գերեվարման աշխարհագրության հետ: Այդ բոլոր հանգամանքները պարզվում են»,-ասել է նախարարը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին մոլորված, այնուհետ ադրբեջանական կողմում հայտնված ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Ալավերդյանի դեմ Ադրբեջանում քրեական օրենսգրքի 5 տարբեր հոդվածով կեղծ մեղադրանքներ են առաջադրվել։