Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սպիտակ տանը հանդիպումից հետո հայտարարել է, որ Հայաստանի Սահմանադրությունում ներկայիս ձևակերպումները թույլ չեն տվել կողմերին ԱՄՆ այցի ընթացքում ստորագրել խաղաղության համաձայնագիրը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նա շեշտել է, որ փոփոխությունների կատարումից հետո փաստաթուղթը կարող է ստորագրվել «ցանկացած պահին»։ Ալիևը նշել է, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը մնում է երկու երկրների միջև խաղաղության համաձայնագիր կնքելու հիմնական պայմանը։
Նա նաև շեշտել է, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանը նախաստորագրել են խաղաղության պայմանագիրը, ապա դրա պաշտոնական ստորագրումը չպետք է հետաձգվի, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ալիևը ԱՄՆ նախագահի Թրամփի միջնորդությամբ օգոստոսի 9-ին Վաշինգտոնում ստորագրել են խաղաղությանը ձգտելու մասին (Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի համատեղ) հռչակագիրը, որով կողմերը համաձայնեցին ապաշրջափակել Հայաստանի Սյունիքի մարզով անցնող ճանապարհը «Թրամփի երթուղի հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» (TRIPP) ծրագրի շրջանակում։
Դրանից զատ, Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը:

































