Մշակութային քաղաքականությունը քո ինքնությունը վերադարձնելն է, որ ուրիշին ասես՝ «ահա՝ ես ես եմ, ես այստեղ եմ, Armenia Today-ի հետ հարցազրույցում ասել է Հրանտ Մաթևոսյանի անվան մշակութային բարեգործական հիմնադրամի տնօրեն և գրողի որդի Դավիթ Մաթևոսյանը։
Այս համատեքստում նա նշել է, որ իշխանությունների կողմից առաջ մղվող «Կրթվելը նորաձև է» շարժման հայեցակարգը լի է որոշակի վտանգներով։ Դրանց թվում է պատմական դեմքերին, որոնց հայ քաղաքացիներն ավանդաբար կապում են հաղթանակների հետ, պարտված ներկայացնելու փորձը։
Մաթևոսյանը մեկնաբանել է վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից իր հորը՝ գրող Հրանտ Մաթևոսյանին վերագրվող պարտության մասին հայտարարությունները։ Նա դա անվանել է կեղծիք, որը ժամանակին նկատել է և դադարեցրել։
Ըստ Մաթևոսյանի՝ այժմ մտավորականության մեծամասնությունն իրեն «բացակա» է դրել և պասիվորեն հետևում է երկրում տեղի ունեցող իրադարձություններին՝ «լուռ մնալով մարտահրավերների առջև»։ Սա հատկապես նկատելի է նախորդ սերունդների համեմատ։ Սակայն նման դիրքորոշումը նրանց չի ազատում տեղի ունեցողի համար պատասխանատվությունից և իրավունք չի տալիս լինել «տիպիկ անդեմ հոսող զանգված»։
Մաթևոսյանը խոսել է արժեհամակարգի, կանոնների սահմանման անհրաժեշտության մասին:
«Այսօր հասարակությունը դիմազրկվելով ու արժեզրկվելով՝ իր մեջ «գյադայությունն» է ավելացնում և կարող է ինքնակործանման գնալ»,- նշել է Մաթևոսյանը:
Նա նաև հայտնել է, որ մենք՝ հայերս, ներկայում մեր ինքնությունը չգիտենք, պետք է վերադառնանք մեր ինքնությանը, պետք է ճանաչենք մեզ, որպեսզի ուրիշը մեզ ճանաչի, հարգի ու հասկանա, որ սա պետություն է, ազգ, որը մի քանի հազարամյակի պատմություն ունի:
«Մշակութային քաղաքականությունը քո ինքնությունը վերադարձնելն է»,- շեշտել է Մաթևոսյանը: