Իսրայելը համաձայնել է 60-օրյա հրադադարի համար անհրաժեշտ պայմաններին, Truth Social-ում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Իմ ներկայացուցիչներն այսօր երկար և արդյունավետ հանդիպում են ունեցել իսրայելցիների հետ Գազայի հարցով»,- գրել է նա:
Թրամփի համոզմամբ՝ այդ հրադադարի ընթացքում Վաշինգտոնը կաշխատի բոլոր կողմերի հետ՝ պատերազմն ավարտելու ուղղությամբ։
«Կատարը և Եգիպտոսը, որոնք մեծ ջանքեր են գործադրել խաղաղության հասնելու համար, կփոխանցեն այս վերջնական առաջարկը։ Հուսով եմ՝ Մերձավոր Արևելքի բարօրության համար ՀԱՄԱՍ-ը կընդունի պայմանավորվածությունը, քանի որ ավելի լավը չի լինելու: Կլինի միայն ավելի վատ»,- հավելել է ԱՄՆ նախագահն իր գրառման մեջ:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը դեռևս մեկնաբանությամբ հանդես չի եկել, թե արդյոք կընդունի՞ առաջարկը:
Հունվարի 15-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը փուլային համաձայնության էին եկել Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ: Մարտի 18-ի լույս 19-ի գիշերը, սակայն, Իսրայելը վերսկսել էր հարվածները Գազայում։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ հարձակումները շարունակվել են՝ կապված պաղեստինյան շարժման կողմից հրադադարի ռեժիմի երկարաձգման և պատանդների ազատման ամերիկյան ծրագիրը մերժելու հետ: