Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի հյուսիսում՝ Կասպից ծովի ափին գտնվող Ռաշթ քաղաքի շրջակայքին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ հայտնել է Գիլան նահանգի փոխնահանգապետ Ալի Բաղերին։
«Այսօր վաղ առավոտյան Ռաշթի Սեֆիդրուդ տեխնոլոգիական պարկի տարածքը ենթարկվել է թշնամական ուժերի հարձակման։ Ներկայումս տարածքը զննվում է՝ հնարավոր վնասները հասկանալու համար»,- ասել է նա:
Գործակալության տվյալներով՝ արդյունաբերական գոտում տեղի է ունեցել պայթյուն։
Times of Israel-ն էլ հայտնում է, որ իրանական բալիստիկ հրթիռը հարվածել է Բեր Շեեբա քաղաքին՝ պատճառելով վնասներ: Ըստ լրատվամիջոցի՝ կա հինգ վիրավոր։ Քաղաքում հրդեհներ են բռնկվել:
Իսրայելը հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը հարվածել էր Իրանին։ Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին։ Պաշտոնական Երևանը դատապարտել էր Իսրայելի հարձակումն Իրանի վրա։ Երկու կողմն էլ հայտնել է զոհերի և բազմաթիվ տուժածների մասին: