ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը (USCIRF) քննարկել է Ադրբեջանում տիրող իրավիճակը և կոչ է արել Վաշինգտոնին պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ՝ Արցախում կրոնական ազատությունը խախտելու, հայերի էթնիկ զտման և հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար, հայտնում է Ամերիկայի hայ դատի հանձնախումբը (ANCA)։
Լսումները տեղի են ունեցել Ադրբեջանում USCIRF փաստահավաք առաքելությունից հետո, որի ընթացքում վկայություններ են ստացվել ռազմական հանցագործությունների, կրոնական հետապնդումների և Արցախում Հայաստանի պատմական ներկայությունը ջնջելու համակարգված փորձերի մասին: USCIRF-ն ԱՄՆ իշխանություններին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի կառավարական կառույցների և պաշտոնատար անձանց դեմ, որոնք ներգրավված են կրոնական ազատության լուրջ խախտումների մեջ:
«Քանի դեռ Ադրբեջանը չի կատարել անհրաժեշտ բարեփոխումներ և պատասխանատվության չի ենթարկել նրանց, ովքեր ձերբակալում և տանջում են մարդկանց իրենց կրոնական ազատության իրավունքի խաղաղ իրականացման համար, ԱՄՆ կառավարությունը պարտավոր է օգտագործել իր պատժամիջոցների մեխանիզմը»,- հայտարարել է հանձնակատար Վիկի Հարթցլերը:
Նա նաև խոսել է միջազգային դիտորդական առաքելություն Արցախի օկուպացված տարածքներ և հարակից շրջաններ ուղարկելու անհրաժեշտության մասին: Հարթցլերը Կոնգրեսին կոչ է արել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը կապել կրոնական ազատության ոլորտում իրավիճակի բարելավման հետ և շարունակել ուժեղացնել վերահսկողությունը Բաքվի գործողությունների նկատմամբ:
USCIRF-ի նախագահ Սթիվեն Շնեկը, իր հերթին, նշել է, որ հայկական կրոնական շատ օբյեկտներ ոչնչացվել են, վնասվել, ոչնչացման վտանգի տակ են կամ վերափոխվել են այլ կրոնական ավանդույթների կարիքների համար: Հանձնակատար Ասիֆ Մահմուդն ընդգծել է հաշվետվողականության և թափանցիկության ապահովման անհրաժեշտությունը, հատկապես հայ ռազմագերիների և այլ պատանդների նկատմամբ: Նրա խոսքով՝ Ադրբեջանում մուսուլմանների իրավունքները նույնպես խախտվում են, սակայն ներկայումս ուշադրությունը պետք է կենտրոնացվի հայերի վրա:
Հանձնակատար Մոհամեդ Էլսանուսին մտահոգություն է հայտնել ուխտագնացության իրավունքի սահմանափակման կապակցությամբ:
«Կարևոր և քննադատաբար անհրաժեշտ է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը՝ մոտ 100 000 մարդ, որոնք այժմ Հայաստանի Հանրապետությունում են, հնարավորություն ունենան ուխտագնացություններ կատարել։ Պետք է ստեղծվի մեխանիզմ, որը թույլ կտա ԼՂ հայերին այցելել գերեզմանատներ և կրոնական ծեսեր կատարել իրենց եկեղեցիներում»,- նշել է նա:
ANCA-ն ողջունել է լսումների անցկացումն ու հանձնաժողովի հանձնարարականները, որոնք ներառված են USCIRF-ի 2025 թվականի տարեկան զեկույցում։ ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է, որ USCIRF-ի առաջարկությունները հստակ ճանապարհ են հարթում դեպի արդարություն և պատասխանատվություն արցախահայության ճակատագրի համար։
2024 թվականի հունվարին այն ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնն զբաղեցնող Էնթոնի Բլինքենը որոշում էր կայացրել Ադրբեջանին ներառել այն երկրների ցանկում, որոնք ներգրավված են կրոնական ազատությունների խախտման մեջ։ 2025-ի մարտին USCIRF-ն ԱՄՆ կառավարությանը խորհուրդ էր տվել աջակցել միջազգային դիտորդի կարգավիճակ ունեցող կառույցի ներկայացուցիչների այցին Արցախ և հարակից տարածքներ՝ տարածաշրջանում մշակութային և կրոնական ժառանգությունը դիտարկելու և փաստաթղթավորելու համար: