Իշխանությունները «կոմպրոմատներ են հավաքել» Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ու նրա շրջապատի մասին՝ նրանց դեմ օգտագործելու համար, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իշխանամերձ աղբյուրներին։
Ըստ թերթի՝ այդ անձնական տվյալներն իշխանությունը թեև վաղուց ուներ, բայց հիմա է օգտագործելու։
Լրատվականը նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը եկեղեցուն ու Վեհափառին վարկաբեկելու, նրան եկեղեցուց «հեռացնելու» հարցերում չեն պատրաստվում նահանջել:
«Այս պահին քայլեր են իրականացվում կոնկրետ միջոցներ նախաձեռնելու ուղղությամբ: Գործի կդրվի կոմպրոմատների զինանոցը, և օրենսդրական նախաձեռնություններ կարվեն՝ ըմբոստացող եկեղեցուց ազատվելու համար»,- պարզաբանել է թերթը:
Լրատվականը հիշեցրել է, որ իշխանական կայքերը հրապարակել էին կաթողիկոսի իբրև թե դստեր անունը և լուսանկարը։ Նրանք պահանջել էին, որ այդ կինը՝ Խաթուն Գրիգորյանցը և Վեհափառը ԴՆԹ թեստ հանձնեն։
Մայիսի 29-ին Փաշինյանը հայտարարել էր, թե «հայկական եկեղեցիները չուլանոց, աղբավայր են դարձրել»։ Հաջորդ օրը՝ մայիսի 30-ի առավոտյան, վարչապետը մի շարք գրառումներով անդրադարձել էր հոգևորականների՝ իրեն ուղղված քննադատություններին, որոնք հնչել էին՝ նրա հայտարարություններին ի պատասխան։ Փաշինյանը ՀՀ իշխանություններին կոչ էր արել մասնակցել կաթողիկոսի ընտրություններին՝ պնդելով, որ Հայրապետության թեկնածուները պետք է բարեվարքության ստուգում անցնեն։
Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, հոգևորականներին մեղադրել էր այլասերվածության մեջ՝ նշելով, որ նրանք, իբր, «չուլաններում կատարում են այլասերվածություններ և հավատավոր ժողովրդի ցասմանն անգամ չեն արժանանում»։ «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը Մայր Աթոռին կոչ էր արել դատական գործընթաց սկսել Փաշինյանի և նրա կնոջ կողմից հոգևորականների դեմ վիրավորական հրապարակումների կապակցությամբ։
Մայիսի 31-ին Մայր Աթոռը տեղեկացրել էր, որ կաթողիկոսը Շվեյցարիայում մասնակցում է «Կրոնական ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումն Արցախում» խորագրով միջազգային համաժողովին, որտեղ հանդես էր եկել ելույթով։
Հունիսի 2-ին Փաշինյանը հայտարարել էր՝ եթե պարզվի, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը և կրել Վեհափառի կոչումը, որովհետև խնդրո առարկա փաստի առկայության պահից նա չէր կարող լինել կուսակրոն քահանա։