Կառավարությունը նախատեսում է ներդնել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի նոր տեսակ՝ նրանց ընտանեկան միջավայրին հնարավորինս մոտ սոցիալ-կենցաղային պայմաններ ապահովելու նպատակով։ Այս նախաձեռնությունը ներառված է կառավարության մայիսի 8-ի նիստի օրակարգում։
Նախագիծը մշակել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ առաջնորդվելով երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացմամբ և խնամքի շուրջօրյա հաստատություններ երեխաների մուտքը կանխարգելելու քաղաքականությամբ։
Նոր մոդելով կազմակերպության յուրաքանչյուր խնամող առավելագույնը խնամելու է 8 երեխայի՝ (ներառյալ՝ իր կենսաբանական երեխաների) համապատասխան տներում։ Տները կահավորված են լինելու անհրաժեշտ բոլոր պարագաներով։ Երեխաների խնամքով զբաղվելու են հատուկ վերապատրաստված անձինք։ Խնամողի ամուսինը և կենսաբանական երեխաները կարող են բնակվել համապատասխան տանը, եթե դա չի հակասում խնամվող երեխաների լավագույն շահին։
Խնամողներն իրավունք կունենան ինքնուրույն կառավարել ընտանիքի բյուջեն և ընտանիքի առօրյա կյանքի վրա ազդեցություն ունեցող որոշումներ կայացնել՝ իրենց խնամքում գտնվող երեխաների և երիտասարդների հետ միասին: Խնամողն ինքնուրույն երեխաների հետ կկազմակերպի առօրյա կյանքը՝ որոշումներ կայացնելով ընտանեկան հարցերի և երեխաների գործողությունների վերաբերյալ՝ համաձայնեցնելով երեխաների կարիքների գնահատման արդյունքում ստեղծված անհատական զարգացման ծրագրի հետ։
Մինչև լիազոր մարմնի կողմից չափորոշիչների վերջնական հաստատումը, նման ծառայություն կկարողանան մատուցել միայն այն կազմակերպությունները, որոնք նախարարության հետ կնքել են համապատասխան հուշագիր։ Կառավարությունը նախատեսում է այս փոփոխությունների համար հատկացնել շուրջ 89,8 միլիոն դրամ: