Հնդկական Micron Instruments ընկերությունը Հայաստանում զենք արտադրելու մտադրություն ունի, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հունվարի 30-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը հայտնել էր, որ Micron Instruments ընկերության տնօրեն և սեփականատեր Վիկրամ Սանգալի ու GTB հոլդինգի նախագահ, սեփականատեր Գրիգոր Տեր-Ղազարյանի գլխավորած պատվիրակության հետ քննարկել է Հայաստանում նոր արդյունաբերական արտադրություն հիմնելու ներդրումային հնարավորությունները։
Թերթը պարզել է, որ խոսքը Հայաստանում զենքի արտադրության մասին է։
«Micron ընկերությունը, պարզվում է, մեծ տրամաչափի հրետանիներ է արտադրում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների համար։ Այս գործարանն էլ աշխատելու է ԱՄՆ հովանավորության ներքո, մեզ ասացին՝ զենքը պատրաստվում են վաճառել նաև եվրոպական տարբեր երկրների»,- հավելել է թերթը։
Թերթի աղբյուրները տեղեկացրել են նաև, որ Տեր-Ղազարյանը մարտի 27-ին գնացել է Պաշտպանության նախարարություն։