Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (AGBU) և 10 հասարակական առաջատար կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ՝ միջազգային հանրությանը կոչ անելով անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի քաղաքական հետապնդումը, ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ գերիներին։
Հայտարարության տակ ստորագրել են Afya հիմնադրամը, ԱՐԲԱՆԷ համահայկական ծրագրեր» հիմնադրամը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, «Ազնավուր», «Հովնանյան ընտանիքի» հիմնադրամները, «Օրրան» բարեգործական ՀԿ-ն, «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը, The Armenian Legal Defense Front-ը, «Թուֆենկյան» հիմնադրամը, «Մենք ենք մեր սարերը» ծրագիրը։
«Արդարություն ենք պահանջում Բաքվում ապօրինի պահվող բոլոր հայ քաղբանտարկյալների և ռազմագերիների համար։ Կոչ ենք անում քայլեր ձեռնարկել Վարդանյանի նկատմամբ դաժան վերաբերմունքի և նրա արդար դատաքննության իրավունքների շարունակական խախտումների անհապաղ և մանրակրկիտ քննության համար»,- ասված է հայտարարության մեջ։
Կազմակերպությունները պահանջել են նաև դատական գործընթացներին ապահովել անկախ միջազգային դիտորդների և հայ գերիների օրինական ներկայացուցիչների հասանելիությունը: Նրանք կոչ են արել հրատապ գործողություններ կիրառել, որպեսզի Ադրբեջանը կատարի իր միջազգային պարտավորությունները և դադարեցնի Հայաստանի քաղաքացիների՝ քաղաքական դրդապատճառներով հետապնդումը։
«Ցավոք, կալանավորված հայերի նկատմամբ մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ պարոն Վարդանյանի նախորդ դիմումը, որն ուղղված էր միջազգային կազմակերպություններին և լրատվամիջոցներին, մնացել է անպատասխան, ինչն է՛լ ավելի լուրջ հետևանքներ է ունեցել: Նրա ներկայիս հացադուլը ոչ միայն բողոք է, այլև ահեղ նախազգուշացում. հետագա լռությունն ու անգործությունը միայն կվատթարացնեն Ադրբեջանի կողմից ապօրինի պահվող հայ ռազմագերիների և ձերբակալված քաղաքացիական անձանց վիճակը»,- եզրափակել են կազմակերպությունները։
Վարդանյանը հացադուլ էր հայտարարել նաև 2024 թվականի ապրիլին՝ պահանջելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։ Ընտանիքի հորդորից հետո նա դադարեցրել էր հացադուլը։
2024-ի դեկտեմբերին Բաքուն դատարան էր հանձնել Ադրբեջանում ապօրինի պահվող 15 անձանց, այդ թվում՝ Արցախի նախկին առաջնորդների քրեական գործը։ Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել էին Լեռնային Ղարաբաղի ութ քաղաքական և ռազմական առաջնորդների դատավարությունները:
Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, Վարդանյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։
Փետրվարի 19-ին նախկին պետնախարարը հացադուլ էր հայտարարել և դիմել աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին և իրավապաշտպաններին՝ ուշադրություն դարձնել Բաքվում տեղի ունեցող անօրինական գործընթացներին։ Փետրվարի 25-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ «գործով» հաջորդ նիստում Վարդանյանն ասել է, որ հացադուլի պատճառով իրեն վատ է զգում, որից հետո դատավորը բուժզննման համար ընդմիջում էր հայտարարել։
Փետրվարի 26-ին Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը հայտնել էր նրա առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին։ Փետրվարի 27-ին նրա որդին՝ Դավիթ Վարդանյանը, միջազգային հանրությանը, աշխարհասփյուռ հայությանը կոչ էր արել քայլեր ձեռնարկել Բաքվի դեմ։