ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել ՌԴ քաղաքացի Էմիլ Թորոսյանի արտահանձնման վերաբերյալ։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը փետրվարի 18-ին հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ՀՀ-ն պատրաստվում է արտահանձնել ազգությամբ հայ ՌԴ քաղաքացի Էմիլ Թորոսյանին։
«Նախորդ շաբաթ քաղաքացին դիմել էր Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ ապաստան հայցելու խնդրանքով։ ՀՀ դատախազությունը չսպասելով Միգրացիոն ծառայություն դիմումի հասնելուն և դրա վերաբերյալ վարույթի հարուցմանը, որոշում է կայացրել արտահանձնել Թորոսյանին, ինչը կհանգեցնի նրա՝ մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների կոպտագույն խախտման»,- ասվում էր գրասենյակի հաղորդագրությունում:
Ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարում է, որ Թորոսյանը ՀՀ ապաստան կամ փախստականի կարգավիճակ հայցելու նպատակով ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն դիմելու իրավունքի մասին պատշաճ, իր համար հասկանալի լեզվով ծանուցվել է դեռևս 2023 թվականի մայիսի 21-ին, սակայն չի օգտվել այդ իրավունքից և սահմանված ժամկետում նման դիմում չի ներկայացրել համապատասխան լիազոր մարմին։
«2024 թվականի հունիսի 20-ին Թորոսյանը ձերբակալվել է ՀՀ իրավասու մարմինների կողմից, հուլիսի 12-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնման թույլտվության մասին որոշում է կայացվել։ Վերոնշյալ որոշումը տրամադրվել է ինչպես Թորոսյանին՝ նրա համար հասկանալի լեզվով, այնպես էլ նրա պաշտպանին»,- հայտնում է գերատեսչությունը։
Ըստ դատախազության՝ հանձնման թույլտվության մասին որոշման դեմ 2024 թվականի հուլիսի 22-ին Թորոսյանի պաշտպանի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք՝ Թորոսյանի՝ ՀՀ քաղաքացի հանդիսանալու հիմքով, որը օգոստոսի 7-ին Վերաքննիչ քրեական դատարանի կողմից մերժվել է:
«Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ներկայացվել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2025 թվականի փետրվարի 7-ի որոշմամբ մերժվել է։ Վճռաբեկ դատարանի որոշմամբ փաստվել է, որ Թորոսյանի՝ ՀՀ քաղաքացի ճանաչվելու մասին պաշտպանական կողմի պնդումներն իրականությանը չեն»,- ասվում է հաղորդագրությունում։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը պահանջում է անհապաղ դադարեցնել Թորոսյանի արտահանձնման գործընթացը, քանի որ արտահանձնումից հետո ՌԴ-ում նրա նկատմամբ հնարավոր խոշտանգումների համար պատասխանատվություն կկրի նաև Հայաստանը։