Հայաստանը և Թուրքիան երբևէ այսպիսի ակտիվ երկխոսություն չեն ունեցել, ինչպես հիմա, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ատլանտյան խորհրդի ֆորումում ունեցած ելույթից հետո պատասխանելով խորհրդի Եվրասիայի կենտրոնի ավագ տնօրեն, Ուզբեկստանում և Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբսթի հարցին:
«Կարծում եմ` Հայաստանը և Թուրքիան երբևէ այնպիսի ակտիվ երկխոսության մեջ չեն եղել, ինչպես հիմա։ Մենք կշարունակենք և շարունակում ենք այդ երկխոսությունը։ Փաստացի, Թուրքիայի հետ հաղորդակցության որևէ խոչընդոտ չկա և մենք շարունակական կապի մեջ ենք»,- ասել է վարչապետը։
Նա նշել է, որ երկու երկրների ԱԳ նախարարները հանդիպում են և խոսում, ինչպես նաև երկրների ներկայացուցիչները մշտական կապի մեջ են և շատ ակտիվ աշխատում են, իսկ անելիքների մասին կա ընդհանուր պատկերացում։
«Բայց, իհարկե, գոյություն ունեն որոշ նյուանսներ, և իրական արդյունքի հասնելու համար որոշակի վերջնական քայլերի կարիք կա։ Հուսով ենք՝ շատ շուտով արդյունքը կլինի»,- շեշտել է Փաշինյանը։
Հունվարի 24-ին Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Փաշինյանը, պատասխանելով Հայոց ցեղասպանության մասին հարցին, ասել էր, որ «պետք է հասկանալ՝ ի՞նչ է տեղի ունեցել և ինչո՞ւ, ինչպե՞ս ենք մենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք ընկալել»։ Նա հավելել էր՝ «ինչպե՞ս է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չկար և ինչպե՞ս է, որ 1950 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ է հայտնվել»։ Նա հայտարարել էր Հայոց ցեղասպանության պատմությանը «վերադառնալու» անհրաժեշտության մասին։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանն Armenia Today-ին տված հարցազրույցում նշել էր, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ մեսիջներով Փաշինյանը փորձում է հաճոյանալ Թուրքիային և Ադրբեջանին։