Հայաստանում պետական քաղաքանությունը հիմնովին փոխվել է, իշխանությունները մեսիջ են հղել Թուրքիային և Ադրբեջանին, Ազգային անվտանության նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանն այսպես է արձագանքել Հանրապետության հրապարակում «Ղարաբաղ, ջան Ղարաբաղ» երգն օտարերկրացիների կողմից ադրբեջաներենով երգելու տեսանյութը հրապարակած արցախցի Ղարիբ Բաբայանի նկատմամբ գործ հարուցելուն։
«Սա պետական քաղաքականության հիմնովին փոփոխության արդյունք է: ՀՀ դատարանն իր որոշմամբ փաստեց, որ կա հանցագործության դեպք, Բաբայանի նկատմամբ ծագել է հիմնավոր կասկած, պարզապես կալանք չի կիրառվում՝ հիմքերով պայմանավորված»,- գրել է Համբարձումյանը։
Նրա խոսքով՝ Բաբայանի դեպքը հստակ ուղերձ է, որ այսուհետ չի հանդուրժվելու Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ սուր խոսքը, քննադատությունը։
«Մեսիջ հղեցին, որ այս իմաստով նոր իրավիճակ է ձևավորվում, Հայաստանը բաց ու անվտանգ է թուրքական աշխարհի համար, շարունակենք համագործակցել»,- եզրափակել է ԱԱԾ նախկին տնօրենը։
Փերվարի 1-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ Իրանի քաղաքացիների կողմից տեսանյութը հրապարակած Բաբայանի նկատմամբ գործ հարուցելու մասին հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե։
Ըստ ՔԿ-ի՝ Բաբայանին փետրվարի 1-ին ձերբակալել էին «Ղարաբաղ, ջան Ղարաբաղ» երգն ադրբեջաներենով երգելու տեսանյութը հրապարակելու և այդ միջոցով «ՀՀ իշխանությունների ու ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն ու քարոզելուն ուղղված հրապարակային խոսք» տարածելու մեղադրանքով։
Փետրվարի 2-ին Բաբայանին դատարանի դահլիճից ազատ էին արձակել՝ կիրառելով վարչական հսկողություն խափանման միջոցը, արգելելով հանդես գալ հրապարակային խոսքով։
ԱԱԾ-ն հունվարի 31-ին հայտնել էր, որ տեսանյութը տարածել են Իրանի քաղաքացիները։ Հունվարի 30-ին սոցիալական ցանցերում տարածված տեսանյութի վերաբերյալ օգտատերը նշել էին, որ նրանք, հնարավոր է, ադրբեջանցիներ են։