Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների «երկար սպասված կարգավորմանը», հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու մասին հայտարարությունից հետո Մինսկի խումբն ուղղակի կորցրել է իր գործունեության առարկան։
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Մինսկի խումբն իր աշխատանքը դադարեցրել է 2022 թվականի փետրվարին, երբ ֆրանսիացի և ամերիկացի համանախագահները միակողմանի կարգով, չնայած գործող մանդատին, առանց որևէ խորհրդակցությունների հրաժարվել են ռուս համանախագահի հետ շփումներից։
Հունվարի 11-ին ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտարարել էր, որ ՀՀ-ն դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը։
Նա մեջբերել էր Փաշինյանի՝ դեկտեմբերի 19-ի հարցազրույցի հատվածը, որտեղ նա ասել էր՝ «եթե չկա կոնֆլիկտ, ի՞նչ իմաստ ունի կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող ձևաչափի գոյությունը»: