ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդու եղբորորդին՝ Ռոբերտ Քենեդի կրտսերը, հայտ է ներկայացրել 2024 թվականին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու համար, հայտնում է CNN-ը։
«Բնապահպան իրավաբան և հակապատվաստումային ակտիվիստ Ռոբերտ Քենեդի կրտսերը փաստաթղթեր է ներկայացրել Դաշնային ընտրական հանձնաժողով՝ 2024 թվականին Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրվելու համար»,- ասվում է զեկույցում:
Հեռուստաալիքի տվյալներով՝ 69-ամյա Քենեդի կրտսերը Նյու Յորքի նախկին սենատոր, ԱՄՆ գլխավոր դատախազ Ռոբերտ Քենեդիի և 35-րդ նախագահ Ջոն Քենեդու եղբորորդին է։
CNN-ը հիշեցնում է, որ Քենեդին թերահավատորեն է վերաբերվում պատվաստմանը։ Նա դեմ է արտահայտվել կորոնավիրուսային պատվաստանյութին և քննադատել է դաշնային կառավարության՝ COVID-19 համաճարակի դեմ պատվաստանյութերով պայքարելու գործողությունները:
Քենեդին նախագահի պաշտոնի համար գրանցված դեմոկրատ թեկնածուներից երկրորդն է։ Ավելի վաղ գրող Մարիան Ուիլյամսոնը մեկնարկել է Դեմոկրատական կուսակցությունից առաջադրվելու իր քարոզարշավը:
Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենը դեռ պաշտոնապես չի հայտարարել նախագահական ընտրություններին մասնակցելու մասին։