Ճապոնիայի մայրաքաղաքում ընթանում է 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Վիթխարի շոուն տեղի է ունենում դատարկ տրիբունաներում, ինչը պայմանավորված է կորոնավիրուսային համաճարակի հետ կապված անվտանգության միջոցառումներով:
Տոկիոյում կայացած արարողության ժամանակ ազգային դրոշով անցավ Հայաստանի օլիմպիական հավաքականը: Խաղերի բացման ժամանակ երկրի դրոշը ծածանելու պատիվը վստահվել է հայտնի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովին և լողորդ Վարսենիկ Մանուչարյանին: Տոկիոյի մարզադաշտի տրիբունայում ներկա է նաև աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:
Հայաստանը մարզական տոնին ներկայացնում են 17 մարզիկներ՝ 8 մարզաձևերում:
Օլիմպիական խաղերը մեկ տարի ուշացումով են անցնում համաճարակի պատճառով։ 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին մասնակցելու համար հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը Տոկիո կժամանեն շուրջ 200 երկրների 11 հազար մարզիկներ: