Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունն ու կրոնական հարցերով վարչությունն արձանագրություն են ստորագրել, ըստ որի` Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարն իր կարգավիճակը փոխելուց հետո պահպանվելու է որպես համաշխարհային ժառանգության օբյեկտ: Այս մասին տեղեկացնում է iha.com.tr կայքը` հղում տալով երկրի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին:
«Թող ոչ ոք չանհանգստանա, Սուրբ Սոֆիան ինչպես առաջ էր պահպանվում, այդպես էլ շարունակելու է պահպանվել: Ըստ մեր ստորագրած արձանագրության` այն պահպանվելու է որպես համաշխարհային ժառանգության օբյեկտ՝ համաձայն միջազգային չափանիշների: Վերականգնման աշխատանքները կարագացվեն: Արտասահմանցի զբոսաշրջիկները Սուրբ Սոֆիա կարող են այցելել անվճար: Ցանկանում եմ տեղեկացնել, որ մեր նախագահի որոշմամբ Սուլթանահմեդ հրապարակում գտնվող կառույցը փոխանցվել է մշակույթի և զբոսաշրջության նախարարությանը: Մենք այնտեղ սրբապատկերներ և եկեղեցական իրեր կցուցադրենք»,-տեղեկացրել է նախարարը:
Հիշեցնենք, որ Սուրբ Սոֆիայի պատմությունը սկսվում է հռոմեացի կայսր Կոստանդիանոս Ա Մեծի օրոք: Նա է 324 թվականին հիմնել Կոստանդնուպոլիսը որպես կայսրության մայրաքաղաք: 326-ին Կոստանդիանոսը մայրաքաղաքում՝ Կոստանդնուպոլսի Օգոստոսյան հրապարակում, կառուցեց առաջին եկեղեցին Սուրբ Սոֆիայի անունով : Սկզբնական շրջանում այն կոչվում էր Մեծ եկեղեցի, քանի որ չափերով գերազանցում էր Կոստանդնուպոլսի՝ իր ժամանակակից մյուս եկեղեցիներին: Իսկ Սուրբ Սոֆիա անվանումը կառույցին տրվել է ավելի ուշ: Տաճարն առաջին անգամ հրդեհվել է 404 թվականին՝ ժողովրդական ապստամբության ժամանակ: 532 թվականին Թեոդոսիոսի վերակառուցած տաճարը կրկին կործանվել է հրդեհի պատճառով:
Հրդեհից քառասուն օր անց Բյուզանդիայի կայսր Հուստինիանոս Ա-ն պատվիրել է դարձյալ վերակառուցել Սուրբ Սոֆիայի տաճարը. վերակառուցումը տևել է 532-537 թթ.:
1453 թ.-ին Բյուզանդական կայսրության անկումից հետո տաճարը վերածվել է մզկիթի: 1935 թ.-ին Թուրքիայի կառավարության որոշմամբ, որը ստորագրվել է ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի կողմից, տաճարը դարձել է թանգարան, կառույցի պատերը մաքրվել են որմնանկարներից և խճանկարներից: 1985 թ.-ին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: