Forbes-ը պատմել է Ալեքսիս Օհանյանի պատմությունը`«Համացանցի քաղաքապետը․ ինչպես Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը դարձավ ճնշվածների իրավունքների համար գլխավոր պայքարողներից մեկը» վերնագրով հոդվածում։
«Ալեքսիս Օհանյանն ունի 70 մլն դոլար և աշխարհը փոխելու մեծ ցանկություն», – գրում է հեղինակ Դարյա Շիպաչովան՝ նշելով, որ հունիսի 5-ին՝ ոստիկանների կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից տասը օր անց, Օհանյանն անսպասելիորեն հայտնել է Reddit ընկերության ղեկավարությունից հեռանալու մասին, որպեսզի զբաղվի աշխարհում անարդարության դեմ պայքարով՝ առաջին հերթին ռասիզմով: Օհանյանն իր նախկին գործընկերներին համառորեն պնդել է՝ իր փոխարեն վերցնել սևամորթ թեկնածուի։
Բացի այդ, գործարարը խոստացել է, որ Reddit-ի իր բաժնետոմսերից ստացված ամբողջ հետագա շահույթը նա կուղղորդի ռասիզմի դեմ հանդես եկող համայնքներին:
Black Lives Matter (BLM) շարժման իր առաջին ներդրումը նա արդեն արել է՝ Know Your Rights Camp կազմակերպությանը փոխանցելով մեկ միլիոն դոլար, որն օգնում է սևամորթ երիտասարդներին պայքարել իրենց իրավունքների համար և դիմակայել ոստիկանական բռնությանը», – գրում է նյութի հեղինակը։
Հոդվածում նշվում է, որ պատկանելության հարցը միշտ հուզել է Ալեքսիս Օհանյանին … նա ներկայանում է որպես «անօրինական ներգաղթյալի որդի»։ Օհանյանի հայրական գծով պապն ու տատը ԱՄՆ փախել են Հայոց ցեղասպանության ժամանակ, որը տեղի է ունեցել 1915-1923թթ.: Այդ շրջանում այն տարածքներում, որոնք վերահսկում էին թուրքերը, տեղական զորքերը սպանում էին էթնիկ հայերին. մոտ 1,5 մլն մարդ է զոհվել: Այնպես որ, ազգային թշնամանքի հարցը Ալեքսիսի համար շատ անձնական է։
Նա նաև հիշեցնում է, որ Ալեքսիսի դուստրը՝ երկու տարեկան Օլիմպիա Օհանյանը, թուխ մաշկ ունի, ուստի նրա ծնվելուց հետո ռասիզմի դեմ պայքարի հարցն ավելի արդիական է դարձել նրա համար:
Հոդվածի հեղինակը նշում է, որ Ալեքսիս Օհանյանը անսահման հավատում է մարդկանց, ինչպես նաև, որ խոսքի ազատությունն ու արվեստը աշխարհը դարձնում են ավելի հիասքանչ։
2012 թվականին ամերիկյան Forbes-ը նույնիսկ Օհանյանին անվանել է «համացանցի քաղաքապետ» այն բանից հետո, երբ Ալեքսիսը Reddit-ի օգտատերերի անունից պայքարում էր ամերիկյան կառավարության Stop Online Piracy Act նախագծի դեմ (օրենքի համաձայն՝ ցանկացած կայք կարելի էր արգելափակել առաջին բողոքից, եթե ինչ-որ մեկը կասկածեր «հեղինակային իրավունքների խախտման» մեջ): Արդյունքում՝ բողոքներից հետո օրենսդիրները հրաժարվել են նախագծի ընդունումից։