Իսրայելը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հորդորներին հակառակ, կարճատև հարվածներ է հասցրել Իրանին՝ խաղաղության բանակցություններում սեփական դիրքերն ամրապնդելու նպատակով, գրել է Reuters-ը:
Երկուշաբթի օրը Իրանին հասցրած նոր հարվածներով Իսրայելը անտեսել է Թրամփի կոչերը` փորձելով ապահովել իրենց մասնակցությունը խաղաղության բանակցային գործընթացին, որից Թրամփն առայժմ հեռու է պահում Իսրայելին, հաղորդել է լրատվամիջոցը։
Չնայած Սպիտակ տան ղեկավարի՝ կրակը դադարեցնելու հանրային հորդորներին, Իսրայելն ապրիլյան հրադադարից հետո առաջին անգամ հարվածել է Իրանի տարածքում գտնվող թիրախներին։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Թեհրանը հրթիռակոծել էր Իսրայելը՝ ի պատասխան Լիբանանի մայրաքաղաքին հասցված իսրայելական հարվածների։ Թեև երկու կողմերն էլ երկուշաբթի օրը՝ Թրամփի միջամտությունից հետո, դադարեցրել են կրակը, նրանք ուժի կիրառումը վերսկսելու հնարավորությունը բաց են թողել, գրել է լրատվամիջոցը։
Իսրայելական Հեբրայական համալսարանի ռազմական պատմաբան Դանի Օրբախի ձևակերպմամբ՝ Իսրայելը Վաշինգտոնին հասկացրել է, որ Իրանի հետ որևէ վերջնական համաձայնություն հնարավոր չէ առանց Իսրայելի շահերը հաշվի առնելու, պատմաբանի խոսքերը մեջբերել է լրատվամիջոցը։
ԱՄՆ-ը, որը փետրվարին Իսրայելի հետ համատեղ սկսել էր այս պատերազմը, այժմ փորձում է բանակցությունների միջոցով կարգավորման հասնել Իրանի հետ՝ գործընթացից դուրս թողնելով Իսրայելին։ Նա հրապարակայնորեն կոչ է արել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին զերծ մնալ բանակցությունները տապալող քայլերից և դադարեցնել կրակը Լիբանանում, ուր իսրայելական զորքերը ներխուժել էին մարտին՝ «Հեզբոլլահ» շարժման դեմ պայքարի շրջանակում։ Իրանն իր հերթին հայտարարել է, որ չի գնա Վաշինգտոնի հետ որևէ համաձայնության, քանի դեռ Լիբանանում հրադադար չի հաստատվել, հաղորդում է Reuters-ը։
Անցած շաբաթ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թրամփի հետ ունեցած թեժ հեռախոսազրույցից հետո չեղարկել էր Բեյրութին հասցվող ավիահարվածները։ Նեթանյահուի ներքին ընդդիմախոսները նրան մեղադրել են սուվերենությունը զիջելու և ԱՄՆ-ի բանակցությունների համար ռազմական գործողությունները սահմանափակելու մեջ՝ առանց բանակցային սեղանի շուրջ տեղ ունենալու։
Իսրայելական կողմի նպատակներից մեկն այն է, որ ԱՄՆ-Իրան ապագա համաձայնագիրը չզրկի Իսրայելին Հարավային Լիբանանում «Հըզբոլլահին» հարվածելու և այնտեղ սեփական զորքերը պահելու իրավունքից։ Նեթանյահուն այս հարցը բարձրացրել է նաև Թրամփի հետ ունեցած վերջին հեռախոսազրույցների ընթացքում։ Հրադադարի հաստատումից հետո հեռարձակված տեսաուղերձում Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի նոր հարձակման դեպքում իրենք ուժով կպատասխանեն՝ հավելելով, որ այդ մասին հարգանքով հայտնել է նաև իր ընկերոջը՝ Թրամփին։
Լրատվամիջոցը գրել է, որ թեև Իսրայելն ունակ է առանց ԱՄՆ-ի աջակցության հարվածներ հասցնել Իրանին, սակայն մի քանի շաբաթից ավելի տևող օդային արշավ իրականացնելու համար Վաշինգտոնի համաձայնության և ռազմամթերքի մատակարարման կարիք ունի։ Իսրայելի Ազգային անվտանգության հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Եհոշուա Կալիսկին նշել է, որ Իսրայելը չի կարող երկար ժամանակ միայնակ վարել այս պատերազմը, քանի որ ռազմամթերքի պաշարները սպառվող են։
ԱՄՆ-ն և Իսրայելն սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին։ ԶԼՄ-ները մայիսի վերջին հայտնել էին, որ ԱՄՆ-ն ու Իրանը մոտ են 60-օրյա հրադադարի համաձայնագիր կնքելուն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կհայտարարի Իրանի նկատմամբ «լիակատար հաղթանակի» մասին և կկնքի վերջնական գործարք, գրել է CNN-ը։ Հունիսի 7-ին Իրանը հարվածներ էր հասցրել Իսրայելին Բեյրութի հարավային ծայրամասերին՝ Իսրայելի կողմից հասցված ավիահարվածներից հետո:





































