Հայաստանը, Ադրբեջանը և Թուրքմենստանն Իրանի շուրջ զարգացումների հետևանքով առաջիկայում կարող են բախվել լայնածավալ միգրացիոն և մարդասիրական ճգնաժամի, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Մոսկվայում մեկնարկած ԱՊՀ անդամ պետությունների հակաահաբեկչական կառույցների ղեկավարների խորհրդակցության ընթացքում հայտարարել է ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Եվգենի Սիսոևը։
Նրա խոսքով՝ էներգակիրների և հանքային պարարտանյութերի համաշխարհային մատակարարումների խափանումը, կարևոր ենթակառուցվածքների օբյեկտներին հասցվող հարվածները, ինչպես նաև հետագա էսկալացիայի ռիսկերը լայնածավալ աղետի նախադրյալներ են ստեղծում։
«Այդ գործընթացները կարող են հրահրել հզոր միգրացիոն հոսքեր և մարդասիրական ճգնաժամ՝ նման Լիբիայում և Իրաքում տեղի ունեցած զարգացումներին։ Դրա հետևանքներին կարող են բախվել ԱՊՀ բոլոր երկրները, առաջին հերթին՝ Իրանի հետ սահմանակից Ադրբեջանը, Հայաստանը և Թուրքմենստանը»,- նշել է Սիսոևը։
Իրանի շուրջ իրավիճակը կրկին սրվել է հունիսի 7-ին և 8-ին Իսրայելի և Իրանի փոխադարձ հարվածներից հետո։ Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին և Մահշահրի նավթաքիմիական համալիրին, իսկ Իրանը հարվածել է իսրայելական թիրախներին, այդ թվում՝ Հայֆային։
Իրանն ԱՄՆ-ի մեղարել է լարվածության համար՝ հայտարարելով, որ Վաշինգտոնը պատասխանատվություն է կրում հրադադարի խախտումների, այդ թվում՝ Իսրայելի գործողությունների համար։ Թեհրանը նաև զգուշացրել է, որ էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հնարավոր հարվածները կարող են լուրջ հետևանքներ ունենալ համաշխարհային տնտեսության համար։
Լարվածության սրման ֆոնին ԱՄՆ-ն ՄԱԳԱՏԷ-ում ներկայացրել է բանաձևի նախագիծ, որով Իրանից պահանջվում է մանրամասն տեղեկություններ տրամադրել իր միջուկային օբյեկտների և հարստացված ուրանի պաշարների վերաբերյալ։ Նման նախաձեռնությունը կարող է ավելի լարել հարաբերությունները Վաշինգտոնի և Թեհրանի միջև, քանի որ Իրանը նախկինում արդեն սահմանափակել էր ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը։





































