ՌԴ պետական դումայում հայտարարել են Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ընթացքում կեղծիքների մասին, որոնց հետևանքով ընդդիմությունը, ըստ հայտարարության, չի ստացել ընտրողների ձայների 20%-ը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին։
Վոդոլացկին պնդում է, որ քվեարկության ընթացքում արձանագրվել են խախտումներ, այդ թվում՝ ընտրական «կարուսելներ», քվեաթերթիկների դուրսբերում, բաց քվեարկություն և զինծառայողների խմբային քվեարկություն։
Բացի այդ, նա հիշեցրել է, որ նախընտրական քարոզարշավը և քվեարկության օրն ուղեկցվել են ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալություններով։
Հունիսի 7-ին Հայաստանում անցկացվել են Ազգային ժողովի ընտրություններ, որոնց մասնակցել է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ Ընտրությանը, ԿԸՀ նախնական տվյալներով, մասնակցել է 1 477 736 (58,94%) մարդ՝ 2 503 976 ընտրողից: ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ անցողիկ շեմը հաղթահարել է քաղաքական երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» (49,825%), «Ուժեղ Հայաստան» դաշինքը (23,281%) և «Հայաստան» դաշինքը (9,934%)։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը նախնական արդյունքով չի հաղթահարել անցողիկ 4%-ի շեմը, վերահաշվարկ է պահանջել։ Վերջնական արդյունքը կհրապարակվի հունիսի 14-ին՝ ինքնաշխատ եղանակով վերահաշվարկներից հետո։
«Ուժեղ Հայաստանը» հայտարարել է, որ ԿԸՀ տվյալները չեն արտացոլում ընտրությունների իրական արդյունքները։ Ընդդիմությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրել է իշխանության յուրացման փորձի և ԿԸՀ-ին ճնշելու մեջ։
Կարդացեք նաև՝




































