«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ձայների վերահաշվարկից հետո «Ուժեղ Հայաստան» դաշիքը հանդես կգա հայտարարությամբ, հայտարարել է քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ եթե վերահաշվարկից հետո պարզվի, որ ԲՀԿ-ն անցնում է խորհրդարան, նշանակում է` ընդդիմության որոշակի ազդեցություն որոշումների վրա։
«Գլխավոր դատախազ և այլ պաշտոնյաներ ընդունելու ժամանակ ընդդիմությունն իր խոսքը կասի, որից հետո պարզ կլինի, ԱԺ-ն կունենա՞ գործիքակազմ՝ դեմ կանգնելու ապօրինություններին, հիմնականում՝ դատախազության հետ կապված և այլ մարմինների նշանակումների»,- նշել է Կարապետյանը։
Եթե դաշինքը կարողանա այնպես անել, որ դատարանի նախագահներ նշանակվելուց ընդդիմության ձայնը հաշվի առնվի, դա հավասարակշռելու է նաև քաղբանտարկյալների հարցը։
Կարապետյանն անդրադարձել է նաև իշխանության փոփոխության հնադավոր տարբերակներին՝ նշելով փողոցային պայքարի գնալու հնարավորության մասին։
«Մեկն ընտրությունն է, մեկը՝ փողոցային սահմանադրական ճանապարհով պայքարը, փողոցային պայքարի արդյունքում պետք է ԱԺ պատգամավորների մեծամասնությունը քվեարկի փոփոխության օգտին։ Այսօր պատմականորեն, եթե ընդամենը 8 պատգամավոր ՔՊ-ից փոխի իր դիրքորոշումը, Փաշինյանը կորցնում է աթոռը»,- նշել է նա։
Կարապետյանի խոսքով՝ թեև ընտրություններից հետո դա բարդ է, բայց 5 տարվա ընթացքում մեծ հնարավորություններ կարող են լինել։
Հունիսի 7-ին Հայաստանում անցկացվել են Ազգային ժողովի ընտրություններ, որոնց մասնակցել է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ Ընտրությանը, ԿԸՀ նախնական տվյալներով, մասնակցել է 1 477 736 (58,94%) մարդ՝ 2 503 976 ընտրողից: ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ անցողիկ շեմը հաղթահարել է քաղաքական երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» (49,825%), «Ուժեղ Հայաստան» դաշինքը (23,281%) և «Հայաստան» դաշինքը (9,934%)։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը նախնական արդյունքով չի հաղթահարել անցողիկ 4%-ի շեմը, վերահաշվարկ է պահանջել։ Վերջնական արդյունքը կհրապարակվի հունիսի 14-ին՝ ինքնաշխատ եղանակով վերահաշվարկներից հետո։
«Ուժեղ Հայաստանը» հայտարարել էր, որ ԿԸՀ տվյալները չեն արտացոլում ընտրությունների իրական արդյունքները։ Ընդդիմությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրել էր իշխանության յուրացման փորձի և ԿԸՀ-ին ճնշելու մեջ։
Կարդացեք նաև՝





































