Իսրայելն այս պահին դադարեցրել է հարվածներ հասցնել Իրանին, սակայն իրեն իրավունք է վերապահում պատասխանել Թեհրանի կողմից յուրաքանչյուր նոր հարձակման, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Եթե Իրանի ահաբեկչական ռեժիմը սխալ թույլ տա և նորից հարձակվի մեզ վրա, մենք կպատասխանենք ամբողջ հզորությամբ»,- պնդել է նա։
Իսրայելի վարչապետը նշվածը բացատրել է իր երկրի ինքնապաշտպանության իրավունքով և նշել, որ այդ դիրքորոշումը հայտնել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։
Նա նաև վստահություն է հայտնել, որ Իրանը և նրա դաշնակից լիբանանյան շիական «Հեզբոլլահ» կազմակերպությունը «թույլ են, քան երբևէ», իսկ Իսրայելը, նրա կարծիքով, «հզոր է, քան երբևէ»։
«Սակայն նրանց դեմ մեր պայքարը դեռ ավարտված չէ։ Նրանք կարծում էին, որ Լիբանանի և Իրանի տարածքից կրակ կբացեն Իսրայելի ուղղությամբ, իսկ մենք չենք գործի։ Դա տեղի չունեցավ և տեղի չի ունենա»,- նշել է նա։
Հունիսի 7-ի երեկոյան Իրանը հրթիռակոծել էր հրեական պետության հյուսիսային շրջանները։ Իսրայելական բանակը հայտարարել էր, որ դրանք բոլորը որսացել է։ Նույն օրն ավելի վաղ Իսրայելը Բեյրութի արվարձանում հարված էր հասցրել «Հեզբոլլահի» օբյեկտին։
ԱՄՆ-ն և Իսրայելն սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին։ ԶԼՄ-ները մայիսի վերջին հայտնել էին, որ ԱՄՆ-ն ու Իրանը մոտ են 60-օրյա հրադադարի համաձայնագիր կնքելուն։ Այս ֆոնին, սակայն, ԱՄՆ-ն և Իրանը շարունակել են հարվածներով փոխանակվել։





































