«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանը հայտարարել է ընտրողների թվի վերաբերյալ պաշտոնական տարբեր տվյալների և մինչև 303 հաշվառված բնակիչ ունեցող հասցեների բացահայտման մասին։
Նա հրապարակել է տարբեր ժամանակահատվածներում ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության (ՄՔԾ) ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած տվյալները՝ ընտրողների ընդհանուր թվի վերաբերյալ։
Մելոյանի ներկայացմամբ՝ ՄՔԾ 2026 թվականի փետրվարի 11-ի տեղեկանքում ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2 489 031, մայիսի 23-ի տեղեկանքում՝ 2 473 445, մայիսի 31-ի դրությամբ ՄՔԾ կայքէջում՝ 2 485 224, իսկ հունիսի 8-ի ԿԸՀ արձանագրությունում՝ 2 507 216։
Նա նաև նշել է, որ պաշտոնական աղբյուրների ուսումնասիրության արդյունքում հայտնաբերել են 689 հասցե, որոնցից յուրաքանչյուրում հաշվառված է 20-ից մինչև 303 քաղաքացի։
Հունիսի 7-ին Հայաստանում անցկացվել են Ազգային ժողովի ընտրություններ, որոնց մասնակցել է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ Ընտրությանը, ԿԸՀ նախնական տվյալներով, մասնակցել է 1 477 736 (58,94%) մարդ՝ 2 503 976 ընտրողից: ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ անցողիկ շեմը հաղթահարել է քաղաքական երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» (49,825%), «Ուժեղ Հայաստան» դաշինքը (23,281%) և «Հայաստան» դաշինքը (9,934%)։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը նախնական արդյունքով չի հաղթահարել անցողիկ 4%-ի շեմը, վերահաշվարկ է պահանջել։ Վերջնական արդյունքը կհրապարակվի հունիսի 14-ին՝ ինքնաշխատ եղանակով վերահաշվարկներից հետո։
«Ուժեղ Հայաստանը» հայտարարել էր, որ ԿԸՀ տվյալները չեն արտացոլում ընտրությունների իրական արդյունքները։ Ընդդիմությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրել էր իշխանության յուրացման փորձի և ԿԸՀ-ին ճնշելու մեջ։
Կարդացեք նաև՝




































