«Ժողովուրդ» թերթ
Պետական պարտքն աճել է
«2020թ. օգոստոսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 3,881.98 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 2019թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 10.49%-ով, իսկ 2019 և 2018թթ. օգոստոսի 31-ի նկատմամբ համապատասխանաբար 16.93%-ով և 18.91%-ով: ՀՀ կառավարության պարտքը կազմել է 3,645.7 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 2019թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 11.19%-ով, իսկ 2019 և 2018թթ. օգոստոսի 31-ի նկատմամբ համապատասխանաբար 18.55%-ով և 22.15%-ով:
Նկատենք, որ վերջին տարիներին՝ մինչև 2018 թվականը, Հայաստանի պետական պարտքն արագ տեմպով աճել է։ Միայն 2018 թվականին աճի տեմպը բավականին ընկել է, սակայն 2019-ին պարտքը կրկին էական ծավալներով ավելացել է։ 2019 թվականի ընթացքում պետական պարտքին առնչվող ամենանշանակալի գործարքը 500 միլիոն դոլարի եվրապարտատոմսերի թողարկումն էր։ Սեպտեմբերին կառավարությունը որոշեց 500 միլիոն դոլարի եվրապարտատոմսեր (արտարժութային պարտատոմսեր) թողարկել և այդ գումարով մարել 2020 թվականին նախատեսված պարտքերը։
Իսկ ՀՀ պետական պարտքը դոլարային արտահայտությամբ կազմել է 7,967.29 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով 2019թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 8.784%-ով, իսկ 2019 եւ 2018թթ? օգոստոսի 31-ի նկատմամբ աճելով համապատասխանաբար 14.26%-ով եւ 17.82%-ով, իսկ ՀՀ կառավարության պարտքը դոլարային արտահայտությամբ կազմել է 7,482.36 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով 2019թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 9.47%-ով, իսկ 2019 եւ 2018թթ?օգոստոսի 31-ի նկատմամբ աճելով համապատասխանաբար 15.84%-ով և 21.03%-ով»:
«Իմ քայլի» մի քանի պատգամավորներ նոր պաշտոններ կստանան․ Արայիկ Հարությունյանի հետ կոպիտ են խոսել
«Առաջիկայում կառավարությունում կադրային փոփոխություններ են սպասվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ պաշտոններ կստանան և կտեղափոխվեն գործադիր աշխատելու: Ընդ որում, այդ որոշումները կայացվում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջին անգամ վարչության նիստ է անցկացվել սեպտեմբերի 15-ին, և ուշագրավ է, որ այս անգամ վարչության անդամները հավաքվել են ոչ թե իրենց կուսակցության գրասենյակում, այլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնատանը: Եվ այդ նիստի ժամանակ քննարկվել է կառավարությունում կադրային փոփոխությունների հարցը, և խոսքը վերաբերում է նախարարների և փոխնախարարների հաստիքների փոփոխությանը:
Եվ հենց այդ ժամանակ էլ վարչապետն ասել է, որ նպատակ ունի վարչության անդամներից շատերին գործադիր տանելու:
Եվ, մեր տեղեկություններով, այդ պատգամավորների թվում է նաև Արման Բոշյանը, և այժմ քննարկվում է նրան տանելու և որևէ պատասխանատու պաշտոնի նշանակելու հարցը:
Դրան զուգահեռ նիստի ժամանակ քննարկվել է նաև պատգամավոր Սուրեն Գրիգորյանին արդարադատության փոխնախարար նշանակելու մասին հարցը՝ Սրբուհի Գալյանի փոխարեն: Սակայն այս հարցում դեռ միասնական որոշում առկա չէ, և վարչությունում ոչ բոլորն են կողմ եղել այդ տարբերակին: Իսկ ինչ վերաբերում է պատգամավոր Վարազդատ Կարապետյանին, ապա այս հարցում ավելի շահագրգիռ է հենց պատգամավորը, և նա է ցանկանում օրենսդիրից տեղափոխվել գործադիրում աշխատելու:
Նկատենք նաև, որ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նիստում անդրադարձ է եղել նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին, ընդ որում՝ վերջինս էլ ներկա է եղել նիստին: Նրա հետ կոպիտ են խոսել և ասել, որ ընդդիմությունը կենտրոնացել է նախարարի աշխատանքի վրա, և պետք է խնդիրները քննարկել:
Հավելենք, որ հիմնականում կադրային փոփոխությունները քննարկվում են հենց այս ձևաչափով, և Արմեն Փամբուխչյանին ԱԻՆ գործուղելու որոշումը ևս այսպես է կայացվել: Հավելենք, որ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին նշված տեղափոխումները կավարտվեն»:
Սերգեյ Բագրատյանին ասել են, որ կոպեկ առ կոպեկ բերի և վճարի ամբողջ գումարը «ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հույսերը չեն արդարանում: Սերգեյ Բագրատյանը իր որոշման մասին հայտնել էր հուլիսի 23-ին, և դրանից հետո այն բազմաթիվ ասեկոսեների տեղիք տվեց: Եվ չնայած խմբակցության անդամները հայտարարում էին, թե չգիտեն Բագրատյանի որոշման պատճառները, սակայն տարբեր տեղեկություններ հրապարակվեցին, որ Բագրատյանի դեմ քրեական գործ է հարուցված, և նա շուրջ 50 մլն դրամի պարտավորություն ունի, որը պետք է վերադարձնի պետությանը:
Եվ, ահա, պատգամավորը հույս է ունեցել, թե, դուրս գալով խմբակցությունից և կուսակցությունից, նրան ներվելու է ամեն ինչ, և անգամ գումար վերադարձնելու մասին խոսք լինել չի կարող: Սակայն իրականում այդպես չէ, և վերջերս Սերգեյ Բագրատյանին ասել են, որ նա պետք է կոպեկ առ կոպեկ բերի և վճարի ամբողջ գումարը:
Նկատենք, որ Սերգեյ Բագրատյանը կրկին ընդհատակում է, այժմ չի մասնակցում խորհրդարանի աշխատանքներին և, առհասարակ, չի շփվում ոչ մեկի հետ: Այսպիսով, Սերգեյ Բագրատյանին ասել են, որ, միևնույնն է, պետք է ամբողջ գումարը նա վերադարձնի»:
«Փաստ» թերթ
ՍԴ դատավորների ընտրությունը շոկային է եղել. նոր մանրամասներ
«Ինչպես հայտնի է, նախօրեին ԱԺ իշխանական խմբակցությունը գրեթե միաձայն ընտրեց ՍԴ երեք դատավորների։ Քաղաքական որոշակի շրջանակների համար այս երեք դատավորների, հատկապես Խունդկարյանի և Վաղարշյանի ընտրությունը բավականին շոկային է եղել, ուստի պատահական չէ, որ այդ շրջանակները արդեն երկու օր է՝ ինտենսիվ հարձակման են ենթարկում իշխանություններին:
Նույն այդ շրջանակներին շատ ավելի զայրացրել է կուլիսներում շրջանառվող տեղեկատվությունը, թե իշխանությունները ՍԴ նախագահի պաշտոնում չեն ուզում տեսնել Վահե Գրիգորյանին, որն իրեն ժամանակին հռչակել էր ՍԴ նախագահ:
Նշյալ միավորների համար դեպքերի զարգացումների նման ընթացքը ոչ մի կերպ կանխատեսելի չի եղել, նրանք վստահ էին, որ իրենց «սրտի ՍԴ»-ն պետք է կազմված լինի բացառապես Գրիգորյանի «գծի մեջ» գործող դատավորներից, իսկ նախագահն էլ, բնականաբար, նշյալ դատավորը պետք է լինի։
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ որոշ հայտնի քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ նախօրեին տեղի ունեցած մի հանդիպման ժամանակ որոշել են իրենց հետագա մարտավարությունը, այն է՝ բոլոր հնարավոր հարթակներում խիստ քննադատել տեղի ունեցած ընտրությունը, թիրախավորել ԱԺ կողմից ընտրված թեկնածուներին և անընդհատ շեշտել, որ օրվա իշխանությունները դավաճանել են «հեղափոխությանը եևւ շեղվել հեղափոխական օրակարգից»։
Ով ում տվյալներից է օգտվում
«Վերջին մի քանի օրերին Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում նորից վերսկսել է տարբեր վիճակագրական տվյալների հրապարակումը՝ դրանք որակելով որպես մեծ ձեռքբերում։ Վերջին հրապարակումը վերաբերում էր ոչխարի և այծի արտահանման 256 տոկոս աճին։
Երեկ արդեն որոշ փորձագետներ խոսում էին այն մասին, որ նման թվերը առավելապես մանիպուլյատիվ բնույթ են կրում:
Մասնավորապես, առանձին տնտեսագետներ նշում էին, որ ընդամենը 2019 թվականի վերջին ընդունված համապատասխան ծրագիրը պարզապես չէր կարող այս կարճ ժամանակահատվածում նման արդյունք ապահովել, այսինքն՝ իրականում գործ ունենք առնվազն մի քանի տարվա ծրագրերի հետ։ Մյուս կողմից հնչում էին տեսակետներ, որ գործ ունենք ոչ այնքան ոլորտի զարգացման, որքան ինչ-որ իմաստով «տրանզիտի» հետ:
Մեզ հետ զրույցում տնտեսագետներից մեկը շեշտում էր, որ նման թվեր հրապարակելուց առաջ լավ կլիներ ուսումնասիրել, թե որքանով ենք կարողանում բավարարել ներքին սպառումը, ինչպես է կատարվում մսի գնագոյացումը և այլն:
Մեկ այլ փորձագետ թերթի լրագրողի հետ զրույցում ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Փաշինյանն ակտիվորեն թվական տվյալներ է հրապարակում հատկապես Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների՝ հերթական ամփոփումից ու հրապարակումից առաջ: «Երբեմն այնպիսի տպավորություն է, որ ոչ թե Փաշինյանն է օգտվում ԱՎԿ տվյալներից, այլ՝ հակառակը»,-կեսլուրջ-կեսկատակ՝ ասաց մեր զրուցակիցը»:
«Հրապարակ» թերթ
Պատգամավոր Արեն Մկրտչյանը՝ Լոռու մարզպետ
«Իշխանությունում քննարկվում է ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանին Լոռու մարզպետ նշանակելու հարցը։ Իսկ գործող մարզպետ Անդրեյ Ղուկասյանը եկող տարի կառաջադրվի Վանաձորի ընտրություններում՝ որպես քաղաքապետի թեկնածու։
Իշխանությունը մարզպետից մրցունակ թեկնածու չի գտնում այդ պաշտոնի համար, քանի որ դիմացը գործող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն է լինելու և Մարուքյանների թեկնածուն։ Ճի՞շտ է, որ շուտով գործադիր եք տեղափոխվելու՝ մարզպետի կարգավիճակում․ երեկ հարցրինք Արեն Մկրտչյանին։ «Անդրեյ Ղուկասյանը շարունակում է պաշտոնավարել որպես Լոռու մարզպետ. իմ հետ կապված նման քննարկում գոյություն չունի թիմի ներսում»։
Նիկոլ Փաշինյանն իր անվտանգությունում պերմանենտ փոփոխություններ է անում
«Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովող Պետական պահպանության ծառայությունը պետի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի. Սարգիս Հովհաննիսյանը ՊՊԾ պետի տեղակալն էր, սակայն ծառայությունում է վաղուցվանից՝ եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի թիկնազորում։
Ճանաչողներն ասում են, որ նա էականորեն զիջում է նախորդներին։ Իսկ թե ինչն է վարչապետի անվտանգությունում այս պերմանենտ փոփոխությունների պատճառը, պարզ չէ»:
«Ժամանակ» թերթ
Կուսակցականների արտահոսք՝ «Հայրենիք»-ից
«Ըստ «Հայրենիք» կուսակցությանը մոտ կանգնած մեր աղբյուրի՝ նորաստեղծ այդ կուսակցությունից սկսվել է կուսակցականների արտահոսք:
Պատճառն այն է, որ կուսակցությանը միացածները չեն տեսնում կուսակցության գործունեության քաղաքական օրակարգ և քաղաքական հեռանկար: Նման պայմաններում կուսակցությանն անդամակցելը դառնում է անիմաստ»:
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



